09:06  ,  19 սեպտեմբերի, 2019

Գերմանիայի թիմի մարզիչ Արմեն Մկրտչյան․ Ուրախ եմ, որ Հայաստանի թիմում հնարավորություն է տրվել երիտասարդներին

Հայաստանը շատ լավ կազմով է ներկայանում ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ Ցանկանում եմ, որ այս նոր երիտասարդ սերունդը գնա մինչեւ օլիմպիական ոսկին, քանի որ միայն ոսկին է պակասում մեր մեդալային հավաքածուում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Նուրսուլթանում ասաց 1996թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ Արմեն Մկրտչյանը։

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 19-ին պայքարի մեջ են մտնում ազատ ոճային ըմբիշները։

Հայաստանը ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կներկայանա 6 քաշային կարգերում․ 57 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 74 կգ՝ Վարուժան Կոջոյան, 79 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան եւ 125 կգ Հովհաննես Կոջոյան։

Օլիմպիական փոխչեմպիոնն այս օրերին Նուրսուլթանում էր՝ իր գլխավորած կանանց Գերմանիայի հավաքականի հետ։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ Արմեն Մկրտչյանը խոսեց սեպտեմբերի 19-ին պայքարի մեջ մտնող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի կազմի մասին։

«Շատ լավ կազմով է ազատ ոճում Հայաստանը ներկայանում աշխարհի առաջնությանը։ Ուրախ եմ, որ երիտասարդ սերնդին հնարավորություն է տրվել։ Ուզում եմ առանձնացնել Արսեն Հարությունյանին եւ Վազգեն Թեւանյանին։ Իրականում շատ լավ սերունդ է տեղափոխվում մեծահասակներ։ Հեռանկարային են։

Արսեն Հարությունյանն արդեն մեծահասակներում իր խոսքն ասել է Եվրոպայի առաջնությում՝ չեմպիոնությամբ։ Վազգեն Թեւանյանը մինչեւ 23 տարեկանների Եվորպայի չեմպիոնն է։

Հուսամ՝ տղաները կկարողանան պատվով հանդես գալ Նուրսուլթանի մրցագորգում։ Ամբողջ թիմին մաղթում եմ հաջողություն մինչեւ ոսկե մեդալ, մինչեւ Տոկիո-2020-ի օլիմպիական ոսկին։ Մեզ՝ հայ ազատ ոճի ըմբիշներիս, պակասում է միայն Օլիմպիական խաղերի ոսկին։ Կուզեմ, որ հայ ըմբիշներին հաջողվի այս Խաղերում այդ բացը լրացնել։

Իսկ Նուրսուլթանում միայն հաղթանակներով եւ հաջող ելույթներով հանդես գալ, օլիմպիական ուղեգրեր նվաճել՝ մեդալներով։ Միշտ լավատես եմ հայ մարզիկների համար, այնպես ինչպես իմ թիմի համար եմ հույսով լցված լինում։ Թող մեր եռագույնը միշտ ծածանվի՝ անկախ նրանից որտեղ ենք, որ երկրի թիմում ենք աշխատում, կուզենայի, որ բարձր արդյունքներ ունենայինք»,- ասաց Արմեն Մկրտչյանը։

Նուրսուլթանում Հայաստանի թիմից օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը, Վարուժան Կոջայանը, Հովհաննես Մխիթարյանը եւ Լեւան Բերիանիձեն։ Գրիգոր Գրիգորյանի քաշային կարգը ոչ օլիմպիական է։

Առաջին մրցումային օրը մրցագորգ դուրս կգան այս տարվա Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թեւանյանը։ Երկու ըմբիշներն էլ առաջին փորձն են ունենալու մեծահասակների աշխարհի առաջնությունում։

Իրականում մեդալի հիմնական հավակնորդներից են Հարությունյանն ու Թեւանյանը։ Արսեն Հարությունյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից եւ կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Օտարի Գոգավայի հետ։ Նշենք, որ Արսեն Հարությունյանը ապրիլի 10-ին Բուխարեստում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց 61 կգ քաշային կարգում։ Աշխարհի առաջնության համար 19-ամյա ըմբիշը փոխել է քաշային կարգը, քանի որ 61 կգ-ն օլիմպիական քաշային կարգ չէ։ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը պայքարը կսկսի որակավորման փուլից եւ կմրցի Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանի հետ։ Որակավորման փուլը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին, Երեւանի ժամանակով 09։00-ին։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով