23:02  ,  1 սեպտեմբերի, 2019

«Աթլետիկոն» վերջին րոպեին կորզեց հաղթանակը եւ առաջին տեղում է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Էյբարին» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Հյուրերը 19 րոպեում կարողացան երկու գոլ խփել սլովենացի Յան Օբլակի պաշտպանած դարպասը, սակայն դրանից հետո արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին հաջողվեց փրկվել պարտությունից։

27-րդ րոպեին իսպանացի հարձակվող Դիեգո Կոստայի փոխանցումից հետո դատարկ դարպասը գրավեց պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը, որի համար սա առաջին գոլն էր իսպանական թիմի պաշտոնական հանդիպումներում։ Երկրորդ խաղակեսում էլ աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Վիտոլոն։ Վերջին րոպեին գանացի կիսապաշտպան Թոմաս Փարթիի խփած գոլը հաղթանակ բերեց «Աթլետիկոյին», որը 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 7-ական միավոր ունեն «Սեւիլիան» ու «Աթլետիկը»։ «Էյբարը» 18-րդն է՝ 1 միավոր։

Նշենք, որ խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էներիկեի 9-ամյա դստեր հիշատակը։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Աթլետիկո» - «Էյբար»՝ 3։2 (տեսանյութ)

Ժոաու Ֆելիշ, 27, Վիտոլո, 52, Թոմաս Փարթի, 90 - Շարլես, 7, Անայց Արբիլյա, 19

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում