Ամբողջ թիմը պահանջեց՝ կամ Կարապետ Չալյանը գալիս է Վարշավա մրցման, կամ բոյկոտում ենք մրցաշարը, հավաքները:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը:
Օլիմպիական չեմպիոնը հրաժարական է տվել հունահռոմեական ըմբշամարտի հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Հիմնական պատճառն ըստ նրա՝ Արսեն Ջուլֆալակյան-Կարապետ Չալյան հակամարտությունում թիմի պառակտումն էր:
«Արսենի համար առաջին խնդիրն այն է, որ իմ որդին է, բայց ես հպարտ եմ, որ նրա նման որդի ունեմ:
Կարապետ Չալյանի լավագույն արդյունքը եղել է 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը: Դրանից հետո նրան հնարավորություն է տրվել մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, որոնցում շատ անհաջող է մասնակցել: Հնարավորություն է տրվել մասնակցել նաեւ 2018 թվականի Եվրոպայի, աշխարհի առաջնությանը ու կրկին շատ անհաջող: Եթե այս ամենով հանդերձ մարզիկը երկու տարի անընդմեջ չի կարողանում արդյունք գրանցել, օգտվել իրեն տրված հնարավորությունից, ինչպես եք պատկերացնում նրան տալ առավելությունը: Արսեն Ջուլֆալակյանը մասնակցեց 2019 թվականի Եվրոպայի առաջնությանը և նվաճեց բրոնզե մեդալ:
Արսեն Ջուլֆալակյանն ու Կարապետ Չալյանը 4 գոտեմարտ են արել, որոնցում 4-ում էլ հաղթել է Չալյանը: Բայց ինչպե՞ս: Առաջին գետամարտը Հայաստանի առաջնությունն էր, որտեղ Չալյանը անարդությամբ հաղթեց, չեմ էլ ցանկանում մանրամասնել: Ապա Կիեւի մրցաշարն էր՝ որտեղ կրկին 2:0 հաղթեց, բայց շատ անհասկանալի, քանի որ այդ գոտեմարտն ուղղակի նվիրեցին Չալյանին: Այս երկու պարագաներում Չալյանը ակնհայտ հաղթող չի եղել: Իրական հաղթանակ տարել է Բուլղարիայի մրցաշարում, որտեղ Արսենն իսկպասե պարտվեց: Իսկ վերջին ստուգողական մրցաշարում կրկին 2:2 հաղթանակը տրվեց Չալյանին:
Այս բոլոր դեպքերում Չալյանին հաջողվել է Արսենից կորզել հաղթանակ: Մեր նպատակն ինչումն է՝ ներսում իրար հաղթենք, դրսում պարտված վերադառնա՞նք: Եվրոպական խաղերում ես չէի պլանավորում, որ Չալյանը գնար: Պետք է գնար Արսեն Ջուլֆալակյանը: Բայց Չալյանը մոտեցավ ինձ եւ խնդրեց, որ իրենց հնարավորություն տամ: Արսենն էլ մեծահոգություն արդեց Եվրոպական խաղերը զիջեց Չալյանին: Ես Չալյանի հետ առանձնազրույցում ասել էի, որ ինքը աշխարհի առաջնության մասնակցության հնարավորություն չունի, քանի որ նախորդ երկու տարիներին 2017-2018 ինքը մասնակցել է եւ շատ վատ:
Վարշավայի մրցաշարում հայտավորված էր նաեւ Արսեն Ջուլֆալակյանը, այդ ժամանակ Չալյանը մոտեցավ եւ առաջարկեց, որ իրեն էլ տանենք մրցման եւ գորգի վրա որոշվի հաղթողը այս քաշում: Այդ նույն պահանջը դրեց նաեւ ամբողջ թիմը՝ կամ Չալյանն էլ է գալիս Վարշավա, կամ մենք բոյկոտում ենք մարզումները, մրցաշարերը: Արսենը հենց այս պատճառով հրաժարվեց Վարշավայի մրցաշարից:
Իմ մարզչական գործունեությունից չեմ հեռանում: Իմ որդու հետ կլինեմ մինչեւ վերջին վայրկյանը սպորտում, որքան ցանկություն եւ նպատակ ունի»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի
19:14 , 8 սեպտեմբերի
19:03 , 8 սեպտեմբերի