18:19  ,  17 օգոստոսի, 2019

Համահայկական խաղեր․ Գլենդելի տղամարդկանց թիմը եւս հաղթեց (ֆոտոշարք)

Գլենդելի թիմը նվաճեց Համահայկական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի չեմպիոնի կոչումը: Երեւանի «Միկա» մարզահամալիրում անցկացված եզրափակիչում Գլենդելի թիմը 92:84 հաշվով հաղթեց Բեւերլի Հիլզի թիմին: Եզրափակիչ հանդիպումն անցավ լեփ-լեցուն մարզադահլիճում: Եզրափակիչի մասնակիցներին երկրպագելու էին եկել նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Ավինյանը, ՀԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը եւ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը:

Եզրափակիչ խաղի առաջին երկու քառորդները շատ ակտիվ եւ գերլարված անցան: Երկրորդ քառորդում Գլենդելի բասկետբոլիստ Զարեհ Զարգարյանը որակազրկվեց տեխնիկական խախտում կատարելու եւ ոչ սպորտային պահվածքի համար: Զարեհ Զարգարյանը հեռացվեց խաղից: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 46:45 հաշվով՝ Բեւերլի Հիլզի առավելությամբ: 3-րդ քառորդի մեկնարկից Գլենդելը պարբերաբար առաջ էր անցնում հաշվի մեջ, ապա Բեւերլի Հիլզին էր հաջողվում բարձր միավորանոց գցումներ կատարել: Գերլարված ու հավասար պայքարում եզրափակիչն ավարտվեց Գլենդելի թիմի հաղթանակով՝ 92:84 հաշվով:

Երրորդ տեղի համար պայքարում օգոստոսի 17-ին պետք է կայանար նաեւ Ֆրեզնո - Թեհրան հանդիպումը, սակայն խաղը տեղի չի ունեցել, քանի որ Ֆրեզոյի թիմը ժամանակից շուտ հեռացել է Հայաստանից: Բրոնզե մեդալակիր է ճանաչվել Թեհրանի թիմը:

Չեմպիոնին եւ մյուս մեդալակիրներին պարգեւատրեց Հայաստանի վարչապետ Տիգրան Ավինյանը:

Պարգեւատրումից հետո քաշքշուկ սկսվեց որակազրկված Զարեհ Զարգարյանի եւ խաղի մրցավարների միջեւ: Վիճաբանության մասնակից մրցավարներից մեկն ասաց, որ կռիվ չէ, այլ ուղղակի Զարեհին կարգի են հրավիրում, քանի որ մարզիկին ոչ վայել պահվածք է ցուցաբերել մրցավարների նկատմամբ: Իրավիճակն ավելի սրվեց, անցնելով անձնական վիրավորանքների սահմանը: Միջամտեց ոստիկանությունը: Բասկետբոլիստին հեռացրին մարզադահլիճից:

«Խաղը շատ լավ մեկնարկեցինք: Մեջտեղում պարտվում էինք: Եթե չխանգարեին մրցավարները, ավելի լավ կստացվեր ամեն ինչ: Եթե անիմաստ ինձ չորակազրկեին, ավելի հանգիստ կլիներ խաղն ու իրադրությունը: Բայց ավելի լավ, որ այսպես եղավ, մենք հաղթեցինք, մրցավարներին էլ ապացուցեցինք, որ ինչ ուզում են արած լինեն, չի ստացվելու: Մենք էինք հաղթողը»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զարեհ Զարգարյանը:

Հիշեցնենք, որ Գլենդելի կանանց թիմը եւս հաղթել էր բասկետբոլի մրցաշարում։

Խաղերի գլխավոր հովանավորը «Տաշիր Գրուպն» է։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում