15:16  ,  25 օգոստոսի, 2012

Վլադիմիր Հակոբյան. Մեր հիմնական մրցակիցը Ռուսաստանն է

Այս մրցաշրջանն ինձ համար հաջող էր: Հասցրել եմ անցկացնել  հիսուն պարտիա, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը:

Օգոստոսի 27-ին մեկնարկող 40-րդ համաշխարհային օլիմպիադայից առաջ շախմատի Հայաստանի հավաքականը տասնօրյա հավաք անցկացրեց Ծաղկաձորում:

Պարոն Հակոբյան, ինչպե՞ս են անցնում հավաքները:

Անում ենք ամեն բան, որպեսզի Օլիմպիադայից առաջ թարմ լինենք: Մեծ ուշադրություն ենք դարձնում սպորտին: Խաղում ենք ֆուտբոլ, զբաղվում լողով, վազում ենք: Խաղում ենք շախմատ: Հավաքների հիմնական նպատակը միասին հավաքվելն է եւ թիմում լավ մթնոլորտ ստեղծելը:

Ձեզ ի՞նչն է ամենից շատ ուժ տալիս:

Ես աշխատում եմ հանգստանալ, որպեսզի ուժերս հավաքեմ: Միայն հավաքներով չենք պատրաստվում: Պետք է մինչեւ Օլիմպիադան մասնակցել մի քանի մրցաշարերի: Այս տարին ինձ համար հաջող էր: Հասցրել եմ հիսուն պարտիա  անցկացնել: Դա լավ թիվ է ինձ համար:

Կա՞ ինչ-որ բան ինչից Ձեզ զրկում եք մրցաշարերից առաջ:

Ոչ, չկա այդպիսի բան: Ես շատ եմ սիրում խաղալ բիլիարդ: Եվ միշտ խաղում եմ:

Ի՞նչ կասեք տղաների պատրաստվածության մասին:

Արդյունքներին նայելով կարելի է ասել, որ բոլորը լավ մարզավիճակում են: Բայց ամեն բան կերեւա Օլիմպիադայի ժամանակ: Մեզ մոտ եղել է, որ վատ մարզավիճակում ենք եղել, բայց Օլիմպիադայում հաղթել են: Օրինակ` Դրեզդենում այնքան էլ լավ չէինք խաղացել մինչեւ մրցաշարը, բայց նվաճեցինք  Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը:

Իսկ ի՞նչ կասեք Օլիմպիադայի անցկացման վայրի մասին:

Ես երբեք չեմ խաղացել Ստամբուլում: Չնայած այնտեղ Օլիմպիադա անցկացվել է 2000-ին, բայց ես չեմ մասնակցել: Կարծում եմ, մեզ պետք է չխանգարի այդ հանգամանքը: Մենք կենտրոնանանալու ենք խաղերի վրա:

Ո՞ր թիմն է Հայաստանի հավաքականի հիմնական մրցակիցը Օլիմպիադայում:

Ինչպես միշտ Ռուսաստանը: Այս պահին ուժեղ են Ուկրաինան, Չինաստանը, Ադրբեջանը:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով