11:40  ,  7 հուլիսի, 2019

Մեսի․ Չմասնակցեցի պարգեւատրությանը, որպեսզի չլինեմ կոռուպցիայի մասնակից

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին պարզաբանել է, թե ինչու թիմակիցների հետ չի մասնակցել պարգեւատրությանը Ամերիկայի գավաթի խաղարկությունում երրորդ տեղ գրավելուց հետո։

Չիլիի դեմ խաղում Մեսին հեռացվել էր առաջին խաղակեսում ոչ մարզական վարքի համար։ «Բարսելոնայի» հարձակվողը բախվել էր չիլիացիների կիսապաշտպան Գարի Մեդելի հետ։ Արգենտինան հաղթել էր 2։1 հաշվով։

«Չմասնակցեցի պարգեւատրությանը, որպեսզի չլինեմ կոռուպցիայի մասնակից։ Կոռուպցիան ու մրցավարները փչացնում են ֆուտբոլը, ֆուտբոլասերներին թույլ չեն տալիս վայելել խաղը։ Ամբողջ մրցաշարի ընթացքում Արգենտինայի հավաքականի նկատմամբ դրսեւորվում էր ակնհայտ անարդար մոտեցում, կողմնակալ մրցավարություն։ Չիլիի եւ Բրազիլիայի դեմ հանդիպումներում մենք ցուցադրեցինք մեր լավագույն ֆուտբոլը։

Հեռացման դրվագում, դեղին քարտը յուրաքանչյուրիս համար բավարար պատիժ կլիներ։ Մրցավարը պետք է մեկ անգամ եւ դիտեր կրկնապատկերը։ Ստացվում է, որ VAR-ը չօգնեց։

Ցավոք, մրցաշարն անցկացվում է այնպես, որ Բրազիլիան դառնա հաղթող։ Հույս ունենանք, որ եզրափակիչում մրցավարն ու VAR-ը չեն խանգարի Պերուի հավաքականին»,- Մեսիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հուլիսի 7-ին Ամերիկայի գավաթը կվիճարկեն Բրազիլիայի եւ Պերուի հավաքականները։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։55-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English