19:16  ,  13 մարտի, 2012

NEWS.am Sport-ը սկսում է Ֆորմուլա 1-ի ամբողջական ներգրավումը հայ մարզասերի կյանք

Մարտի 18-ին կմեկնարկի Ֆորմուլա 1-ի 57-րդ առաջնությունը: Մելբուռնում կկայանա Ավստրալիայի Գրան-Պրին։ Ամբողջ առաջնությունը ներառում է 20 Գրան-Պրի 9 ամսում։ NEWS.am Sport-ը սկսում է Ֆորմուլա 1-ի ամբողջական ներգրավումը հայ մարզասերի կյանք: Մենք կփորձենք մարզասերին հետեւողականորեն պատմել Արքայական ավտոմրցարշավի համբավ եւ տիտղոս նվաճած երեւույթի բոլոր կամ գրեթե բոլոր մանրամասները:

Ֆորմուլա 1-ում ռեգլամենտն է ծնում աշխարհի չեմպիոնին

Ֆորմուլա 1-ը վերահսկելի մարզաձեւ է, սակայն այստեղ դոպինգ ընդունել-չընդունելը ոչինչ չի որոշում, քանի որ ավտոմեքենան դոպինգ չի ընդունում: Ավելի շուտ, նրա դոպինգը աերոդինամիկայի կազմակերպման ինտերպրետացիան է: Աերոդինամիկան (բառացի՝ օդ եւ ուժ), որը եթե խոսենք առանց ֆիզիկայի, մեքենայի աշխատանքն է մթնոլորտի հետ, Ֆորմուլա 1-ում որոշում է ամեն ինչ, կամ գրեթե ամեն ինչ։ Ֆորմուլա 1-ի աերոդինամիկական աշխատանքը տարբերվում է, ասենք, ինքնաթիռների աերոդինամիկական աշխատանքից: Եթե ինքնաթիռների դեպքում թռիչքուղու վրա բարձր արագությամբ շարժվող մարմնին ընդառաջ գտնվող օդը օգտագործվում է վեր բարձրանալու համար, ապա Ֆորմուլա 1-ի դեպքում այդ օդը անհրաժեշտ է բարձր արագության դեպքում մրցուղուց չկտրվելու համար: Ֆորմուլա 1-ի մեքենան (բոլիդը) պետք է կարողանա գտնել աերոդինամիկական լուծումներ ըստ Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի սահմանած տեխնիկական ռեգլամենտի (կանոնակարգի): Վերջերս դրանից դժգոհում էր Ֆերրարիի նախագահ Լուկա դե Մոնտեձիմելոն։ Նա ասում է, որ ժամանակակից Ֆորմուլա 1-ում աերոդինամիկան շատ բան է որոշում, որը չի կարող կիրառվել սովորական մեքենաների արտադրության դեպքում: Աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆետելն ակնարկել է, որ աերոդինամիկան նվազեցնում է կրքերը պայքարի մեջ։ Թեպետ աերոդինամիկան մրցարշավային մեքենան կարող է դարձնել ավելի խորամանկ։

Ֆորմուլա 1-ի կանոնակարգը (հիմնականում տեխնիկական բնույթի է այն), ինչպես նշեցինք, սահմանում է ԱՄՖ-ն, որը ավտոմրցարշավի 29 առաջնություն է կազմակերպում ամեն տարի եւ Ֆորմուլա 1-ը դրանցից մեկն է։ Այն ներկայացնում է ավտոմոբիլային ընկերությունների շահերը ամբողջ աշխարհում եւ ոչ կոմերցիոն կազմակերպություն է: Այնուամենայնիվ, ԱՄՖ-ն մարզական կառույց է, ինչպես ՖԻՖԱ-ն կամ ՖԻԴԵ-ն: ԱՄՖ-ն այսօր գլխավորում է Ֆերրարիի նախկին մարզական ղեկավար Ժան Տոդդը։ Հենց այս կառույցն է որոշում, թե ամեն մրցաշրջանում տեխնիկական ինչ նոր պարամետրերով է մրցարշավի դուրս գալու Ֆորմուլա 1-ի բոլիդը։ ԱՄՖ-ի կողմից տեխնիկական պարամետրերի հրապարակումից հետո կոնստրուկտորներն սկսում են աերոդինամիկական փնտրտուքները: Տեխնիկական պարամետրերը Ֆորմուլա 1-ում միշտ են եղել, սակայն 1990-ականների վերջից դրանք արդեն վերաբերում էին ոչ միայն մեքենայի տեխնիկական կերպարին, այլեւ «բնավորությանը»՝ ինչպես այն դարձնել ագրեսիվ կամ պահպանողական: ԱՄՖ-ն առայժմ ընտրել է այսպես ասած պահպանողական նվաճումների ուղին, որը ենթադրում է, որ բոլիդները պետք է մրցուղի դուրս չգան սոսկ արագություն հավաքելու եւ ըստ այդմ հաղթելու համար: Դրանք պետք է ունենան հավասար քաշ, ֆինանսական հավասար հնարավորություններ (կիրառվելու է մյուս տարվանից), անվտանգության հուսալիություն (1994-ի մայիսի 30-ին Սան Մարինոյի Գրան Պրիում մահացու վրաերթի հետեւանքով մահացավ աշխարհի չեմպիոն, բրազիլացի Աերտոն Սենան) եւ այլն:

Ինչո՞ւ է առաջացել այսպիսի անհրաժեշտություն։ Կարող եմ ենթադրել, որ ԱՄՖ-ն փորձեց կանգնեցնել Մաքլարենի եւ Ֆերրարիի հեգեմոնիան Ֆորմուլա 1-ում: 1998-99 թվականներին հաղթեց Մաքլարենի մրցարշավորդ Միկա Հակինենը, 2000-ից մինչեւ 2004 թվականը Ֆորմուլա 1-ում դոմինանտ տեղ էր զբաղեցնում Ֆերրարին իր անկրկնելի մրցարշավորդով՝ Միխայիլ Շումախերով։ 5 տարում 5 անգամ Ֆերրարին հաղթեց եւ անհատական առաջնությունում եւ Կոնստրուկտորների գավաթում։

ԱՄՖ-ն որոշեց խստացնել սահմանափակումները։ 12 ցիլինդրանոց շարժիչները դարձան 8 ցիլինդրանոց: 8 ցիլինդրանոց շարժիչների վերադարձը պահպանողականության եւ անվտանգության խառնուրդ էր՝ փոքրացնել արագությունը, որի շնորհիվ պակաս ճակատագրական կլինեն վթարները (Bridgestone-ի անվադողերի փոխարինումը Pirelli-ի անվադողերով բոլիդներին վերադարձրեցին այն արագությունը, որից այնքան վախենում է ԱՄՖ-ն, թեպետ այն դեռ չի հասնում 2004-ի Ֆերրարի կամ Մաքլարենի արագությանը. 2003-ին Ֆերրարին Հռոմի մոտակայքում խորհրդանշական մրցակցության մեջ մտավ կործանիչ ինքնաթիռի հետ. ուժերն, իհարկե, անհավասար էին): Խստացրեցին լիցքավորման կանոնները, ասենք, պիտ-կանգառ մտնելու եւ դուրս գալու կարգը։ Արգելեցին միջսեզոնային տեստերը, ճիշտ է, ոչ անմիջապես։ Եվ հաջորդ տարում Ֆերրարին թիմային եւ անհատական հաշվարկում մի կերպ գրավեց 3-րդ տեղը, իսկ բոլիդն առանձնապես աչքի չընկավ հուսալիությամբ։ 2005-ի որոշ Գրան-Պրիներ Ֆերրարին ընդհանրապես չկարողացավ ավարտել, այսինքն, հատել վերջնագիծը, բոլիդը պարզապես շարքից դուրս եկավ։

Ռեգլամենտային սահմանափակումները վերաբերում են բոլորին, իսկ սողանցքները՝ միայն նրանց, ովքեր դրանք նկատում են։ Այս մրցաշրջանի համար ԱՄՖ-ի տեխնիկական կանոնակարգում այդպիսի սողանցք էր գտել նախկին Ռենոն, որն այսօր հանդես է գալիս Լոտուս անվանումով, եւ որի բոլիդներից մեկին կնստի աշխարհի 2007-ի չեմպիոն, ֆինլանդացի Կիմի Ռայկոնենը։ Լոտուսը տեխնիկական նորույթ էր մտածել մեքենայի քթամասի եւ հետեւի լուսային ազդանշանների հետ կապված, այսինքն, դրանք մեքենային հարմարեցված էին այնպես, որ առավել կառավարելի էին դարձնում այն արգելակելիս։ Գտնվել էր աերոդինամիկական լուծում, որը ԱՄՖ-ի կանոնակարգով արգելված չէր, բայց չէր էլ խրախուսվում, քանի որ կանոնակարգը սահմանում է. «Ցանկացած նորույթ, կամ սարքավորում, որը կարող է փոխել մեքենայի աերոդինամիկական բնութագիրը, արգելված է»: ԱՄՖ-ն Լոտուսի նորարարության մեջ կանոնակարգի խախտում չգտավ, բայց քանի որ մյուս թիմերը բողոքել էին, ստիպված արգելեց։

Այսպիսով, Ֆորմուլա 1-ը մյուս մարզաձեւերից տարբերվում է նրանով, որ գլխավոր «մարզիկն» այստեղ ավտոմեքենան է եւ բոլոր սահմանափակումները կամ նորարարությունները վերաբերում են նրան, նույնիսկ վառելիքը որոշակի չափանիշներ ունի Ֆորմուլա 1-ում օգտագործվելու համար։ Աերոդինամիկական նորույթները սահմանվում են ռեգլամենտով, ուստի ավելի ճիշտ է ասել, որ ի տարբերություն ֆուտբոլի, բռնցքամարտի, թենիսի կամ նույնիսկ գոլֆի, Ֆորմուլա 1-ում ռեգլամենտն է ծնում աշխարհի չեմպիոնին, ոչ թե հաղթողի մարզական կամ կամային որակները։ Ինչու, սակայն, բոլորը չեն դառնում աշխարհի չեմպիոն։ Որովհետեւ  հաջորդ տարվա մրցաշրջանի ռեգլամենտը, որը սահմանվում է  ընթացիկ մրցաշրջանի տարվա վերջին, մի բան է, որը պետք է կանխատեսել դեռեւս ընթացիկ մրցաշրջանի կեսին։ Այդպիսով, տվյալ բոլիդի կոնստրուկտորը, ռեգլամենտ կանխատեսելով, կարող է անել մյուս տարվա գործի կեսը։

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով