12:37  +04,  2 հուլիսի, 2019

Մականախաղի մարզիչ. Ֆուտբոլի ֆինանսավորման 5 տոկոսն էլ մեզ տան, կարող են պահանջել Եվրոպայի չեմպիոնություն (ֆոտո)

Մականախաղ կամ խոտի հոկեյ. մարզաձեւ, որը մեծ մասսայականություն է վայելում աշխարհում, բայց Հայաստանում մատնված է անտարբերության: Երեւի քչերը գիտեն, որ Հայաստանում մականախաղ մարզաձեւ կա, ունենք Հայաստանի հավաքականներ, 3 ակումբ՝ «Հրազդան», «Այրուձի», «Մասիս», մոտ 300 մարզվողներ եւ մեկ մարզադաշտ: Մարզաձեւի արդյունքները համեստ են, քանի որ պայմանների ու ֆինանսաների բացակայության պատճառով միջազգային մրցաշարերի մասնակցելու, մարզումներ ու հավաքներ անելու հնարավորություններ չկան:

Այս ամենով հանդերձ հունիսի 30-ին մականախաղի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը մեկնել է Բուլղարիա, որտեղ հուլիսի 4-6-ն առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

NEWS.am Sport-ը եղել է մականախաղի Հայաստանի միակ մարզադաշտում, հետեւել մինչեւ 16 տարեկանների հավաքականի վերջին մարզմանը մեկնումից առաջ ու հավաքականի ավագ մարզիչ Նվեր Զաքարյանի հետ զրուցել մարզաձեւի խնդիրների, հեռանկարների, զարգացման մասին:  

Պարոն Զաքարյան, Հայաստանն առաջին անգամ մասնակցում է մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Մականախաղի Եվրոպայի առաջնությունն անցնում է երկրորդ անգամ: Հայաստանի թիմը մասնակցելու է առաջին անգամ: Եվրոպայի առաջնությունն անցնելու է երկու խմբով՝ A եւ B: A խմբում հանդես են գալու Եվրոպայի ուժեղագույն հավաքականները, իսկ B  խմբում՝ թույլերը: Հայաստանի հավաքականը կմասնակցի B խմբում: Մեր խմբում են ընդգրկված Ռուսաստանի, Բուլղարիայի, Ջիբլարթարի, Սլովենիային Ֆինլանդիայի, Լյուքսեմբուրգի եւ Վրաստանի հավաքականները: A խմբի Եվրոպայի առաջնությունը կայանալու է Լեհաստանում: Այս պահին մեր հավաքականը լավ մարզավիճակում է: Թե ինչպես կդասավորվի պայքարը մեր հավաքականի համար, պարզ կլինի մրցավայրում:

Խոսենք մարզաձեւի մասին. ի՞նչ զարգացում ունի մականախաղը Հայաստանում:

Հիմա մարզաձեւի զարգացում Հայաստանում չկա: Վատ վիճակ է: Մականախաղը զարգանում է միայն 4 քաղաքում՝ Երեւան, Գյումրի, Հրազդան, Եղվարդ: Երեւանում մականախաղը կենտրոնացած է Շենգավիթի մարզադպրոցում եւ 102-րդ դպրոցում: Եղվարդում գործում են տղաների եւ աղջիկների թիմեր: Իսկ հիմնական շեշտը դրված է Հրազդան քաղաքում, քանի որ այստեղ ունենք օլիմպիական հերթափոխի մարզադպրոց: Այստեղ է նաեւ մականախաղի Հայաստանի միակ մարզադաշտը: Մարզաձեւի մասսայականացումն ու զարգացումը Հայաստանում վատ է ընթանում: Լավ կլիներ, որ աշխարհագրությունը մեծանար եւ տարբեր մարզերում ունենայինք մարզադպրոցներ, մարզադաշտեր, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ կարողանային զբաղվել մականախաղով:

Եթե միակ մարզադաշտը Հրազդանում է, ինչպե՞ս են կազմակերպվում մարզումները մյուս քաղաքներում:

Երեխաները հիմնականում մարզվում են դպրոցների դահլիճներում եւ բակերում կառուցված ֆուտբոլի դաշտերում: Իսկ այդ մարզումները չեն կարող լիարժեք արդյունք տալ:  Օրինակ՝ Երեւանի 102-րդ դպրոցի հարակից տարածքում կառուցված նոր ֆուտբոլի դաշտը, որը բակային խաղերի համար է նախատեսված, արդեն շարքից դուրս է եկել: Այդ դաշտերում արհեստական խոտածածկեր են, որոնք շատ շուտ շարքից դուրս են գալիս:

Միակ մարզադաշտը Հրազդանում է, բայց այստեղ էլ պայմանները շատ վատն են: Եթե աշխարհում թիմերը խաղում են հատուկ նախատեսված արհեստական խոտածածկի վրա, մենք խաղում են ռետինե ծածկույթի վրա: Սա 1987 թվականին կառուցված մարզադաշտ է: Այն ժամանակ ռետինե ծածկույթ է եղել եւ մինչ օրս մեր երեխաները դրա վրա են մարզվում: Բայց այն արդեն շարքից դուրս է եկել, ամբողջությամբ քայքայված է եւ վտանգավոր երեխաների կյանքի համար: Ցանկացած պահի ինչ-որ մեկը կարող է վնասել իրեն խաղի ընթացքում, կամ մի սխալ հարվածով լուրջ վնասվածք ստանալ: Բայց այլընտրանք չունենք եւ մնում է միայն այս պայմաններում մարզվենք:

Մարզաձեւը սիրվա՞ծ է Հայաստանում: Ի՞նչ մասսայականություն է վայելում:

Սիրված է այն քաղաքներում, որտեղ զբաղվում են: Օրինակ՝ շատ սիրված է Հրազդանում: Մականախաղը հին ավանդույթներ ունեցող մարզաձեւ է: Այսօր մականախաղով զբաղվող երեխաների մեծ մասը մարզաձեւով նախկնում զբաղվող  ծնողների, պապերի զավակներ են: Այսինքն՝ այն ընտանիքներում, որտեղ գիտեն մականախաղի մասին, եղել են խաղացողներ, այդ ընտանքիների երեխաները գալիս են մարզադաշտ եւ վերցնում մականը:

Պետական աջակցություն կա՞ մարզաձեւին:

Պետությունն իր չափով ֆինանսավորում է, բայց բյուջեն այնքան քիչ է, որ բավարարում է միայն Հայաստանի առաջնություն անցկացնելուն: Աջակցում է նաեւ ֆեդերացիան, բայց եղած գումարը չի բավարարում միջազգային մրցաշարերին մասնակցելու համար: Հասկանալի պատճառներով պետությունը ֆինանսները հիմնականում ուղղում է դեպի ֆուտբոլը:

Մարզաձեւի, հավաքականների, ակումբների արդյունքների մասին գրեթե չի խոսվում: Ո՞րն է պատճառը:

Պատճառը պայմանների, մարզադաշտերի բացակայությունն է: Ֆեդերացիան գործում է, հավաքականներ ունենք, ակումբներ եւս ունենք, արդյունքներ կան, բայց պայմանների ու ֆինանսների բացակայության պատճառով միջազգային մրցաշարերի չենք մասնակցում: Որքան շատ ֆինանսական աջակցություն ունենանք, այնքան բարձր արդյունքներ կլինեն եւ մեր մարզաձեւի, հավաքականների ու ակումբների արդյունքների մասին կխոսվի:

Քանի՞ մրցաշարի եք մասնակցում տարվա ընթացքում:

Միջազգային միայն մեկ: Այս տարի միայն այս Եվրոպայի առաջնությանը կմասնակցենք. հազիվ էլ գումարը բավականացնի Հայաստանի առաջնությունների հետ միասին: Մինչեւ 18 տարեկանների հավաքականն այս տարի Եվրոպայի առաջնություն չուներ եւ մնացել է անգործ:

Երբեւէ հնարավորություն կունենա Հայաստանը մականախաղում օլիմպիական վարկանիշների համար պայքարել:

Օլիմպիական ուղեգիր նվաճելու մեծ հնարավորություններ կունենանք ու ոչ թե տասնյակ տարիներ անց, այլ հենց հաջորդ օլիմպիական ցիկլում կամ 10 տարվա ընթացքում:  

Սա թիմային խաղ է եւ եթե կարողանանք օլիմպիական ուղեգիր նվաճել, հնարավորությունները մեծ կլինի նույնիսկ մեդալ նվաճել: Ես վստահ եմ սա ասում, քանի որ մականախաղը տիպիկ հայկական մարզաձեւ է: Եթե մշտական ֆինանսավորում լինի, մենք նույնիսկ 5 տարի հետո մեծ հաջողություններ կարող ենք ունենալ, օրինակ՝ Եվրոպայի չեմպիոն դառնալ: Ֆուտբոլի ֆինանսավորման 5 տոկոսն էլ մեզ տան, թող պահանջեն Եվրոպայի չեմպիոնություն: Հայաստանում սիրում են այս մարզաձեւը: Բայց մեր ֆինանսավորումը մշտական չէ եւ «ուժի զոռով» փորձում ենք պահպանել մականախաղը Հայաստանում: Հավաքներ բացարձակ չենք ունենում, միայն ամենօրյա մարզումներն են: Մարզիչների խնդիր ունենք: Մարզիչներ կան, բայց հաստիք չկա եւ անվճար քչերն են կարողանում գալ, աշխատել: Այս պահին Հայաստանում կա մականախաղի 5 թե 6 մարզիչի հաստիք: Մարզաձեւն անվճար է: Բայց մարզիչները պետք է վարձատրվեն չէ՞ իրենց աշխատանքի դիմաց:  

Իսկ փորձե՞լ եք դիմել նախարարությանը, ՀԱՕԿ-ին ֆինանսավորման, աջակցության համար:

Մշտապես դիմել ենք եւ մշտապես ստացել ենք նույն պատասխանը՝ «մենք ֆինանս չունենք»: Այս պահին դիմել ենք մարզիչների հաստիքներն ավելացնելու խնդրանքով: Դեռ մտածում են, ինչպես անել, որ հաստիք ավելացնեն: Հուսանք, մեր մարզաձեւն էլ մի օր սպորտային ղեկավարության ուշադրության կենտրոնում կլինի եւ մենք էլ մեծ արդյունքներ կունենանք:

 

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ