12:37 2 հուլիսի, 2019Մականախաղ կամ խոտի հոկեյ. մարզաձեւ, որը մեծ մասսայականություն է վայելում աշխարհում, բայց Հայաստանում մատնված է անտարբերության: Երեւի քչերը գիտեն, որ Հայաստանում մականախաղ մարզաձեւ կա, ունենք Հայաստանի հավաքականներ, 3 ակումբ՝ «Հրազդան», «Այրուձի», «Մասիս», մոտ 300 մարզվողներ եւ մեկ մարզադաշտ: Մարզաձեւի արդյունքները համեստ են, քանի որ պայմանների ու ֆինանսաների բացակայության պատճառով միջազգային մրցաշարերի մասնակցելու, մարզումներ ու հավաքներ անելու հնարավորություններ չկան:
Այս ամենով հանդերձ հունիսի 30-ին մականախաղի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը մեկնել է Բուլղարիա, որտեղ հուլիսի 4-6-ն առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
NEWS.am Sport-ը եղել է մականախաղի Հայաստանի միակ մարզադաշտում, հետեւել մինչեւ 16 տարեկանների հավաքականի վերջին մարզմանը մեկնումից առաջ ու հավաքականի ավագ մարզիչ Նվեր Զաքարյանի հետ զրուցել մարզաձեւի խնդիրների, հեռանկարների, զարգացման մասին:
Պարոն Զաքարյան, Հայաստանն առաջին անգամ մասնակցում է մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:
Մականախաղի Եվրոպայի առաջնությունն անցնում է երկրորդ անգամ: Հայաստանի թիմը մասնակցելու է առաջին անգամ: Եվրոպայի առաջնությունն անցնելու է երկու խմբով՝ A եւ B: A խմբում հանդես են գալու Եվրոպայի ուժեղագույն հավաքականները, իսկ B խմբում՝ թույլերը: Հայաստանի հավաքականը կմասնակցի B խմբում: Մեր խմբում են ընդգրկված Ռուսաստանի, Բուլղարիայի, Ջիբլարթարի, Սլովենիային Ֆինլանդիայի, Լյուքսեմբուրգի եւ Վրաստանի հավաքականները: A խմբի Եվրոպայի առաջնությունը կայանալու է Լեհաստանում: Այս պահին մեր հավաքականը լավ մարզավիճակում է: Թե ինչպես կդասավորվի պայքարը մեր հավաքականի համար, պարզ կլինի մրցավայրում:
Խոսենք մարզաձեւի մասին. ի՞նչ զարգացում ունի մականախաղը Հայաստանում:
Հիմա մարզաձեւի զարգացում Հայաստանում չկա: Վատ վիճակ է: Մականախաղը զարգանում է միայն 4 քաղաքում՝ Երեւան, Գյումրի, Հրազդան, Եղվարդ: Երեւանում մականախաղը կենտրոնացած է Շենգավիթի մարզադպրոցում եւ 102-րդ դպրոցում: Եղվարդում գործում են տղաների եւ աղջիկների թիմեր: Իսկ հիմնական շեշտը դրված է Հրազդան քաղաքում, քանի որ այստեղ ունենք օլիմպիական հերթափոխի մարզադպրոց: Այստեղ է նաեւ մականախաղի Հայաստանի միակ մարզադաշտը: Մարզաձեւի մասսայականացումն ու զարգացումը Հայաստանում վատ է ընթանում: Լավ կլիներ, որ աշխարհագրությունը մեծանար եւ տարբեր մարզերում ունենայինք մարզադպրոցներ, մարզադաշտեր, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ կարողանային զբաղվել մականախաղով:
Եթե միակ մարզադաշտը Հրազդանում է, ինչպե՞ս են կազմակերպվում մարզումները մյուս քաղաքներում:
Երեխաները հիմնականում մարզվում են դպրոցների դահլիճներում եւ բակերում կառուցված ֆուտբոլի դաշտերում: Իսկ այդ մարզումները չեն կարող լիարժեք արդյունք տալ: Օրինակ՝ Երեւանի 102-րդ դպրոցի հարակից տարածքում կառուցված նոր ֆուտբոլի դաշտը, որը բակային խաղերի համար է նախատեսված, արդեն շարքից դուրս է եկել: Այդ դաշտերում արհեստական խոտածածկեր են, որոնք շատ շուտ շարքից դուրս են գալիս:
Միակ մարզադաշտը Հրազդանում է, բայց այստեղ էլ պայմանները շատ վատն են: Եթե աշխարհում թիմերը խաղում են հատուկ նախատեսված արհեստական խոտածածկի վրա, մենք խաղում են ռետինե ծածկույթի վրա: Սա 1987 թվականին կառուցված մարզադաշտ է: Այն ժամանակ ռետինե ծածկույթ է եղել եւ մինչ օրս մեր երեխաները դրա վրա են մարզվում: Բայց այն արդեն շարքից դուրս է եկել, ամբողջությամբ քայքայված է եւ վտանգավոր երեխաների կյանքի համար: Ցանկացած պահի ինչ-որ մեկը կարող է վնասել իրեն խաղի ընթացքում, կամ մի սխալ հարվածով լուրջ վնասվածք ստանալ: Բայց այլընտրանք չունենք եւ մնում է միայն այս պայմաններում մարզվենք:
Մարզաձեւը սիրվա՞ծ է Հայաստանում: Ի՞նչ մասսայականություն է վայելում:
Սիրված է այն քաղաքներում, որտեղ զբաղվում են: Օրինակ՝ շատ սիրված է Հրազդանում: Մականախաղը հին ավանդույթներ ունեցող մարզաձեւ է: Այսօր մականախաղով զբաղվող երեխաների մեծ մասը մարզաձեւով նախկնում զբաղվող ծնողների, պապերի զավակներ են: Այսինքն՝ այն ընտանիքներում, որտեղ գիտեն մականախաղի մասին, եղել են խաղացողներ, այդ ընտանքիների երեխաները գալիս են մարզադաշտ եւ վերցնում մականը:
Պետական աջակցություն կա՞ մարզաձեւին:
Պետությունն իր չափով ֆինանսավորում է, բայց բյուջեն այնքան քիչ է, որ բավարարում է միայն Հայաստանի առաջնություն անցկացնելուն: Աջակցում է նաեւ ֆեդերացիան, բայց եղած գումարը չի բավարարում միջազգային մրցաշարերին մասնակցելու համար: Հասկանալի պատճառներով պետությունը ֆինանսները հիմնականում ուղղում է դեպի ֆուտբոլը:
Մարզաձեւի, հավաքականների, ակումբների արդյունքների մասին գրեթե չի խոսվում: Ո՞րն է պատճառը:
Պատճառը պայմանների, մարզադաշտերի բացակայությունն է: Ֆեդերացիան գործում է, հավաքականներ ունենք, ակումբներ եւս ունենք, արդյունքներ կան, բայց պայմանների ու ֆինանսների բացակայության պատճառով միջազգային մրցաշարերի չենք մասնակցում: Որքան շատ ֆինանսական աջակցություն ունենանք, այնքան բարձր արդյունքներ կլինեն եւ մեր մարզաձեւի, հավաքականների ու ակումբների արդյունքների մասին կխոսվի:
Քանի՞ մրցաշարի եք մասնակցում տարվա ընթացքում:
Միջազգային միայն մեկ: Այս տարի միայն այս Եվրոպայի առաջնությանը կմասնակցենք. հազիվ էլ գումարը բավականացնի Հայաստանի առաջնությունների հետ միասին: Մինչեւ 18 տարեկանների հավաքականն այս տարի Եվրոպայի առաջնություն չուներ եւ մնացել է անգործ:
Երբեւէ հնարավորություն կունենա Հայաստանը մականախաղում օլիմպիական վարկանիշների համար պայքարել:
Օլիմպիական ուղեգիր նվաճելու մեծ հնարավորություններ կունենանք ու ոչ թե տասնյակ տարիներ անց, այլ հենց հաջորդ օլիմպիական ցիկլում կամ 10 տարվա ընթացքում:
Սա թիմային խաղ է եւ եթե կարողանանք օլիմպիական ուղեգիր նվաճել, հնարավորությունները մեծ կլինի նույնիսկ մեդալ նվաճել: Ես վստահ եմ սա ասում, քանի որ մականախաղը տիպիկ հայկական մարզաձեւ է: Եթե մշտական ֆինանսավորում լինի, մենք նույնիսկ 5 տարի հետո մեծ հաջողություններ կարող ենք ունենալ, օրինակ՝ Եվրոպայի չեմպիոն դառնալ: Ֆուտբոլի ֆինանսավորման 5 տոկոսն էլ մեզ տան, թող պահանջեն Եվրոպայի չեմպիոնություն: Հայաստանում սիրում են այս մարզաձեւը: Բայց մեր ֆինանսավորումը մշտական չէ եւ «ուժի զոռով» փորձում ենք պահպանել մականախաղը Հայաստանում: Հավաքներ բացարձակ չենք ունենում, միայն ամենօրյա մարզումներն են: Մարզիչների խնդիր ունենք: Մարզիչներ կան, բայց հաստիք չկա եւ անվճար քչերն են կարողանում գալ, աշխատել: Այս պահին Հայաստանում կա մականախաղի 5 թե 6 մարզիչի հաստիք: Մարզաձեւն անվճար է: Բայց մարզիչները պետք է վարձատրվեն չէ՞ իրենց աշխատանքի դիմաց:
Իսկ փորձե՞լ եք դիմել նախարարությանը, ՀԱՕԿ-ին ֆինանսավորման, աջակցության համար:
Մշտապես դիմել ենք եւ մշտապես ստացել ենք նույն պատասխանը՝ «մենք ֆինանս չունենք»: Այս պահին դիմել ենք մարզիչների հաստիքներն ավելացնելու խնդրանքով: Դեռ մտածում են, ինչպես անել, որ հաստիք ավելացնեն: Հուսանք, մեր մարզաձեւն էլ մի օր սպորտային ղեկավարության ուշադրության կենտրոնում կլինի եւ մենք էլ մեծ արդյունքներ կունենանք:


Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.