00:57  +04,  2 հունիսի, 2019

«Լիվերպուլը» 14 տարի անց դարձյալ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը (ֆոտո)

Անգլիական «Լիվերպուլը» 14 տարվա դադարից հետո դարձյալ նվաճեց եվրոպական Չեմպիոնների լիգայի գավաթը։ Մադրիդի «Աթլետիկոյի» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում տեղի ունեցած «անգլիական» եզրափակիչում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 2։0 հաշվով առավելության հասավ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած լոնդոնյան «Տոտենհեմին»։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն երկրորդ րոպեին։ «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն փոխանցում կատարեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ ձեռքով խաղաց լոնդոնցիների ֆրանսիացի կիսապաշտպան Մուսա Սիսոկոն։

42-ամյա սլովենացի մրցավար Դամիր Սկոմինան նշանակեց 11 մետրանոց, որը դիպուկ իրացրեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը՝ գրավելով աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը։ Սալահի գոլը երկրորդ ամենաարագն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։

18-րդ րոպեին գլխավոր մրցավարը ստիպված էր մոտ երկու րոպեով ընդհատել հանդիպումը, մինչեւ անվտանգության աշխատակիցները կհեռացնեին խաղադաշտ ներխուժած կիսամերկ մի կնոջ։

Երկրորդ խաղակեսի հիմնական մասն անցավ առանց իրական գոլային պահերի։ Վերջնամասում պայքարի մեջ սրություն մտցրեց «Տոտենհեմը»։  85-րդ րոպեին դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիքսենի իրացրած տուգանային հարվածից հետո լիվերպուլցիների բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերն աչքի ընկավ գեղեցիկ սեյվով։

Սակայն 87-րդ րոպեին «Լիվերպուլը» կարողացավ կրկնապատկել հաշիվը։  Անկյունային հարվածից հետո «Տոտենհեմի» խաղացողները չկարողացան հեռացնել գնդակը եւ երկրորդ տեմպով գրոհը գոլով ավարտեց փոխարինման դուրս եկած բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին։

«Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է նաեւ 1977, 1978, 1981, 1984, 2005 թվականներին, երեք անգամ պարտվել է եզրափակիչներում (1985, 2007, 2018)։ Ավելի շատ այս գավաթը նվաճել են Մադրիդի «Ռեալը» (13) եւ «Միլանը» (7)։ «Տոտենհեմն» առաջին անգամ էր հասել այս մրցաշարի եզրափակիչ։

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0։2 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 2, 11մ, Դիվոկ Օրիգի, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ