11:15  ,  23 մայիսի, 2019

«Փյունիկի» նախագահ. Մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռիին»

Երեւանի «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Վանաձորի «Լոռիի» հայտարարությանը «Լոռի» - «Փյունիկ» Հայաստանի առաջնության 34-րդ տուրի սկանդալային խաղի (2:2) վերաբերյալ:

«Ծանոթացա «Լոռի» ֆուտբոլային ակումբի երեկվա հայտարարությանը եւ այդ կապակցությամբ ցանկանում եմ պարզաբանել հետեւյալը՝

Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռի» ֆուտբոլային ակումբին, եւ իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք այդ ակումբի հասցեին: Մեր ամբողջ դժգոհությունը Վանաձորում կայացած աղմկահարույց խաղի կապակցությամբ վերաբերում է բացառապես մրցավարությանը եւ արտացոլված է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարության մեջ, որտեղ դուք չեք գտնի որեւէ բացասական խոսք մեր մրցակցի հասցեին: «Լոռիի» խաղը այդ հանդիպման ընթացքում՝ արդար խաղի կանոնները հարգող, արժանի մրցակցի խաղ էր: Համարում եմ այս ժամանակավոր թյուրըմբռնումը սպառված եւ ակնկալում եմ մեր ակումբների միջեւ երկարատեւ եւ արդյունավետ համագործակցություն»,- Արթուր Սողոմոնյանի խոսքը մեջբերում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Վանաձորում տեղի ունեցած հանդիպման 85-րդ րոպեին մրցավար Արտակ Սիմոնյանը 2:2 հաշվի ժամանակ ակնհայտ 11 մետրանոց չէր նշանակել «Լոռիի» դարպասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ անորոշ ժամանակով որակազրկել է «Լոռի» - «Փյունիկ» խաղը սպասարկած Արտակ Սիմոնյանին:

Այդ ոչ ոքիից հետո առաջատար «Փյունիկը» հավաքեց 57 միավոր եւ 2 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Վերջին խաղում «Փյունիկը» կընդունի հետնապահ «Արարատին»: «Արարատ-Արմենիան» վերջին 2 խաղերն անցկացնելու է «Արցախի» եւ «Բանանցի» հետ եւ միավորներ չկորցնելու դեպքում կդառնա Հայաստանի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով