19:51  ,  12 հուլիսի, 2012

Եվրոպայի լիգա. «Շիրակը» շարունակում է պայքարը

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Գյումրիի «Շիրակը» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթների որակավորման երկրորդ փուլ:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում գյումրեցիները առավելության հասան Չեռնոգորիան (Մոնտենեգրո) ներկայացնող «Ռուդարի» նկատմամբ:

Առաջին խաղում Վարդան Բիչախչյանի թիմը հյուրընկալվելիս հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ պատասխան հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Գյումրիի քաղաքային ստադիոնում կայացած պատասխան հանդիպման հաշիվը բացվեց 12-րդ րոպեին: Հայաստանի ազգային հավաքականի եւ «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը գրավեց սեփական դարպասն՝ առաջ մղելով «Ռուդարին»: Սակայն ընդամենը երկու րոպե անց գյումերցիները հավասարեցրին հաշիվը: «Շիրակի» պատասխան գնդակը 14-րդ րոպեին խփեց սենեգալցի հարձակվող Դամե Դիոպը: Առաջին խաղակեսում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին եւ թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսում «Շիրակն» ավելի մոտ էր հաջողությանը, ունեցավ մի շարք գոլային պահեր, սակայն գնդակն այդպես էլ չհայտնվեց հյուրերի դարպասում: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով եւ գյումրեցիները դուրս եկան հաջորդ փուլ:

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Շիրակի» մրցակիցը կլինի Իսրայելը ներկայացնող «Բնեյ Յեհուդա» ակումբը: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին Իսրայելում:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Շիրակ» - «Ռուդար»՝ 1:1 (առաջին հանդիպում՝ 1:0) 

Դամե Դիոպ, 14 – Հրայր Մկոյան, 12 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում