17:46  ,  29 նոյեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դժգոհ է Մոուրինյոյի վարքից

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դժգոհ է թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վարքից, հաղորդում է dailymail-ը: Մասնագետին սպառնում է որակազրկում երկու խաղով: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեկ ամսում արդեն երրորդ անգամ է ոչ պատշաճ վարքի մեղադրանք ներկայացրել Մոուրինյոյին: Ակումբի ղեկավարությունում կարծում են, որ մարզիչի վարքը շեղում է թիմի խաղացողներին մարզական նպատակներից:

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պաշտոնական հաղորդագրությամբ Մոուրինյոյին մեղադրել է «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի խաղում (1:1) դրսեւորած ոչ պատշաճ վարքի համար եւ հնարավորություն է տվել մինչեւ դեկտեմբերի 1-ը պատասխանել մեղադրանքին:

Հիշեցնենք, որ Պոգբային սիմուլյացիայի համար դեղին քարտ ցույց տալուն Մոուրինյոն արձագանքել էր վրդովմունքով եւ ոտքով հարվածել էր ջրի շշին: Մարզիչը կարմիր քարտ էր ստացել եւ հեռացվել տրիբունա:

Ընթացիկ մրցաշրջանում Մոուրինյոն արդեն երկու խաղով որակազրկված է եղել ոչ պատշաճ վարքի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում