21:18  ,  26 հոկտեմբերի, 2016

«Բարսելոնան» վիրավորական է համարում ԻՖՖ-ի քննադատությունը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի քննադատությանը՝ այն համարելով «անթույլատրելի եւ վիրովորական»:

Ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն, քննարկելով «Վալենսիա» - «Բարսելոնա» հանդիպման ժամանակ ֆանատների եւ կատալոնական ակումբի ֆուտբոլիստների վարքը գոլը նշելու ժամանակ, տուգանել էր «Վալենսիային», իսկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին քննադատել գոլը մրցակցի երկրպագուների տրիբունայի մոտ չափազանց հուզական եւ սադրիչ ձեւով նշելու համար:

«Համաձայն չենք ֆեդերացիայի ձեւակերպման հետ, թե մրցակցի երկրպագուների տրիբունայի մոտ «Բարսելոնայի» որոշ ֆուտբոլիստների կողմից գոլը նշելու ձեւը եղել է սադրանք: Բացարձակ անթույլատրելի եւ վիրավորական ենք համարում նման ձեւակերպումը եւ քննադատությունը: Ֆեդերացիան պարտավոր է առաջնորդվել փաստերի վերլուծությամբ եւ գոյություն ունեցող կարգապահական բնույթի կանոններով՝ խուսափելով ոչ օբյեկտիվ գնահատականներից: «Բարսելոնան» պահանջում է լիարժեք պատասխանատվություն եւ անաչառություն, որոնք կապահովեն արդար խաղ եւ բարեկամական մթնոլորտ հանդիպումների ժամանակ»,- ասվում է կատալոնական ակումբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Վալենսիայում կայացած խաղում «Բարսելոնան» Մեսիի դուբլի օգնությամբ հաղթել էր 3։2 հաշվով։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում