20:52  ,  23 հոկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» խնդիրներ չառաջացրեց «Չելսիի» համար

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» տանը 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի մկանային վնասվածքից հետո դարձյալ չէր ընդգրկվել մանչեսթերցիների հայտացուցակում, իսկ խաղի մեկնարկն անհաջող ստացվեց հյուրերի համար: «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Պեդրոն հաշիվը բացեց 30-րդ վայրկյանին: Սկզբնամասում մանչեսթերցիների մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում, իսկ լոնդոնցիներն ավելի լավ տեսք ունեին եւ 21-րդ րոպեին խփեցին երկրորդ գոլը: Անկյունային հարվածի խաղարկման արդյունքում աչքի ընկավ անգլիացի պաշտպան Գերի Կեհիլը: Առաջին խաղակեսում թիմերն ունեցան 2-ական գոլային պահ, սակայն ընդմիջման գնացին 2:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդի»՝ խաղը փրկելու բոլոր ջանքերն ապարդյուն էին, իսկ դաշտի տերերը խփեցին եւս 2 գոլ՝ տանելով վստահ հաղթանակ: Ընդմիջումից հետո հյուրերը կորցրին մի քանի իրական գոլային պահեր:

Այս հաղթանակից հետո «Չելսին» 19 միավորով հավասարվեց չորրորդ տեղում գտնվող «Տոտենհեմին» եւ մեկական միավոր է զիջում առաջատարներ «Մանչեսթեր Սիթիին», «Արսենալին» ու «Լիվերպուլին»: Ժոզե Մոուրինյոյի թիմը 14 միավորով 7-րդն է:

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:0

Պեդրո, 1, Գերի Կեհիլ, 21, Էդեն Ազար, 62, Նգոլո Կանտե, 70

«Չելսի». Տիբո Կուրտուա, Սեզար Ասպիլիկուետա, Գերի Կեհիլ, Դավիդ Լուիզ, Մարկոս Ալոնսո, Նեմանյա Մատիչ, Նգոլո Կանտե, Վիկտոր Մոզես, Պեդրո (Նատանիել Չալոբա, 71), Էդեն Ազար (Վիլիան, 78), Դիեգո Կոստա (Միչու Բատշուայի, 78):

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Էրիկ Բայի (Մարկուս Ռոխո, 52), Դեյլի Բլինդ, Մարուան Ֆելաինի (Խուան Մատա, 46), Անդեր Հերերա, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ (Անտոնի Մարտիալ, 65), Մարկուս Ռեշֆորդ, Զլատան Իբրահիմովիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով