14:12  ,  10 հոկտեմբերի, 2016

«Спорт-Экспресс»-ը՝ ԲԿՄԱ-ում փորձաշրջան անցնող 17-ամյա Վահան Բիչախչյանի մասին (ֆոտո)

Ռուսական «Спорт-Экспресс»-ն անդրադարձել է Գյումրիի «Շիրակի» եւ Հայաստանի պատանեկան հավաքականի 17-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանին, որը փորձաշրջան է անցնում Մոսկվայի ԲԿՄԱ-ում եւ հնարավոր է՝ առաջիկայում պայմանագիր կնքի ռուսական ակումբի հետ: Բրիտանական The Guardian-ի վարկածով, աշխարհի ամենատաղանդավոր պատանի ֆուտբոլիստների ցուցակում ընդգրկված Վահան Բիչախչյանը հոկտեմբերի 8-ին ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է ստուգողական հանդիպման Մախաչկալայի «Անժիի» դեմ: 2:0 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ն:

«Վահան Բիչախչյանը 16 տարեկանում խփել է Եվրոպայի լիգայի ամենագեղեցիկ գոլերից մեկը՝ վրացական «Դիլայի» դեմ առաջին որակավորման փուլի հանդիպման 84-րդ րոպեին: Դրանից երկու օր անց Բիչախչյանը դարձավ 17 տարեկան: 16-ամյա հայեր Եվրոպայի լիգայում երբեք գոլ չէին խփել, եւ Բիչախչյանը մտավ պատմության մեջ: Խաղից հետո շատ հարցեր եղան «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանին տաղանդավոր որդու մասին:

«Ես ձգտում եմ լինել անաչառ: Խաղադաշտում չկա ինձ համար «որդի» հասկացություն, դա չունի նշանակություն: Սա ֆուտբոլային ակումբ է, իմ սեփականությունը չէ: Գոլի ժամանակ ունեցա նույն հույզերը, ինչ մյուս գոլերի պահերին»,- նշեց Բիչախչյանը ավագը:

Վահան Բիչախչյանը ունիվերսալ խաղացող է: Նա կարող է փակել կենտրոնը եւ եզրերից մեկը: Նա ամենաերիտասարդն է Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականում, բայց ամենակարեւոր խաղացողներից մեկն է: Նրա մասին գիտեն նաեւ Մեծ Բրիտանիայում:

The Guardian-ը Բիչախչյանին ընդգրկել է աշխարհի 60 ամենահեռանկարային խաղացողների մեջ՝ համեմատելով Քեւին Դե Բրույնեի, Ուեյն Ռունիի եւ Հենրիխ Մխիթարյանի հետ, որոնց նման է իր խաղով:

Բիչախչյանի նման ֆուտբոլիստը պետք է ԲԿՄԱ-ին, բայց ոչ հիմա, այլ մի երկու տարի հետո: Նա չունի Ռուսաստանի անձնագիր, սակայն մինչեւ նրա հայտնվելը ԲԿՄԱ-ում, հնարավոր է՝ օտարերկրացիների քանակի սահմանափակումը վերանա»,- գրում է կայքը:

Ընթացիկ մրցաշրջանում Վահան Բիչախչյանը ութ խաղում խփել է երկու գոլ, կատարել է մեկ գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում