09:47  ,  27 օգոստոսի, 2016

Յուրա Մովսիսյանի հաղթական դուբլն ու վրիպումը 11 մետրանոցից

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Կոլորադոյի» նկատմամբ:

Դաշտի տերերի 2 գոլերն էլ խփել է Յուրա Մովսիսյանը, որը մեկնարկային կազմում խաղացել է 76 րոպե: 39-րդ րոպեին հայ հարձակվողը հաշիվը դարձել է 1:1, իսկ ընդմիջումից 4 րոպե անց գեղեցիկ հարվածով առաջ է մղել «Ռեալ Սոլթ Լեյքին»: 57-րդ րոպեին Մովսիսյանը նաեւ վրիպել է 11 մետրանոցից, որն ինքն էր վաստակել: Յուրա Մովսիսյանն ընթացիկ մրցաշրջանում գոլերի քանակը հասցրեց 9-ի:

27 խաղ անցկացրած «Ռեալ Սոլթ Լեյքը» 67 միավորով Արեւմտյան գոտում բաժանում է 2-3-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Յուրա Մովսիսյանը  չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական, որը նախապատրաստվում է Չեխիայի դեմ ընկերական խաղին ու Դանիայի հետ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպմանը:

Չեխիա – Հայաստան խաղը կկայանա օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավ քաղաքում, իսկ Դանիա – Հայաստան հանդիպումը՝ սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում: 

Տեսանյութում Մովսիսյանի գոլերը 0:50-ից ու 1:25-ից, իսկ վրիպումը՝ 1:55-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English