09:22  ,  31 հուլիսի, 2016

Ռոբերտ Էմմիյանը՝ Ռիոյից. Անհամբեր սպասում ենք Օլիմպիական խաղերի մեկնարկին (ֆոտո)

Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին հաշված օրեր են մնացել։ Հայաստանի օլիմպիականների թիմի երկու խմբեր արդեն մեկնել են Բրազիլիա։ Հայաստանի հավաքականից Օլիմպիական քաղաքում են աթլետները, ծանրորդները, բռնցքամարտիկները, լողորդները, հրաձիգը եւ Հայաստանի պատվիրակության ղեկավարները։ 

Այս օրերին հայ օլիմպիականները սկսել են վերջին մարզումներն անցկացնել նախքան Խաղերի մեկնարկը։

Հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ Ռիոյում են Օլիմպիական խաղերի մասնակից  վեց աթլետները՝Ամալյա Շառոյանը, Գայանե Չիլոյանը, Լիլիթ Հարությունյանը, Դիանա Խուբերեսյանը, Լեւոն Աղասյանն ու Գոռ Ներկարարյանը։

«Մենք արդեն գտնվում ենք այս հրաշք քաղաքում, Օլիմպիական ավանում։ Այստեղ ամեն ինչ հրաշալի է։ Մենք արդեն բուռն մարզումային փուլում ենք։ Այսօր առաջին անգամ դեռեւս միայն մեր թիմը հնարավորություն ունեցավ մարզվել Օլիմպիական ստադիոնի մարզումների համար նախատեսված մարզադաշտում։ Դրա հետնամասում Օլիմպիական ստադիոնն է, որը դեռեւս վերջնական տեսքին բերված չէ, առաջիկա օրերին այն պատրաստ կլինի։ Իսկ մենք մարզվեցինք աթլետների համար նախատեսված մարզադաշտում։ Այստեղ դեռեւս միայն մեր թիմն է հնարավորություն ունեցել մարզվել։

Մարզիկների տրամադրությունը շատ բարձր է, բոլորս անհամբեր սպասում ենք Օլիմպիական խաղերի մեկնարկին»,- այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեռացատկի Եվրոպայի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը կմասնակցի 33 օլիմպիականներով։ Խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով