14:43  ,  30 հունիսի, 2016

Բեգլարյանը, Մելքոնյանը ու Դաուդովը տեղափոխվեցին «Ալաշկերտ»

Չեմպիոնների լիգայում նորամուտը նշած «Ալաշկերտի» համալրման գործընթացը շարունակվում է:

Հայաստանի նորընծա չեմպիոնին են միացել Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ազգային թիմի նախկին կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը եւ ուկրաինացի Մարատ Դաուդովը: Արսենի եւ Սամվելի նախորդ ակումբն էր Երեւանի «Միկան», իսկ Դաուդովը Ուկրաինայի 2-րդ դիվիզիոնի «Գիռնիկ Կրիվոյ Ռոգ» թիմից է: 27-ամյա ուկրաինացին երկու տարի առաջ հանդես է եկել Կապանի «Գանձասարում»: 3 ֆուտբոլիստների պայմանագրերը նախատեսված են մեկ տարով, հայտնում է «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական ակումբին միացել էին՝ սերբ Ալեքսանդար Տասիչը, ուկրաինացիներ Դմիտրո Խովբոշան եւ Անտոն Սավինը ու մակեդոնական «Վարդարից» հեռացած Արտակ Դաշյանը:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղում «Ալաշկերտը» 0:0 հաշվով էր ավարտել Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» դեմ արտագնա հանդիպումը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 5-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Որակավորման երկրորդ փուլում «Սանտա Կոլոմայի» եւ «Ալաշկերտի» դիմակայության հաղթողը մրցելու է Թբիլիսիի «Դինամոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով