«Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Ադնան Յանուզայն անգլիական ակումբին խորհուրդ է տվել ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է manchestereveningnews.co.uk-ը:
Յանուզայն Instagram-ում հավանել է իր ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի լուսանկարը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆոնին: Բելգիացին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր եկել «Բորուսիայում»՝ մասնակցելով 12 խաղի: Այդ խաղերից 11-ում խաղադաշտում եղել է նաեւ Մխիթարյանը:
Bild-ի համաձայն՝ Մխիթարյանին փոխարինող փնտրող «Բորուսիան» պաշտոնական առաջարկ է արել Լեւերկուզենի «Բայերին»: Դուրտմունդյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Քարիմ Բելարաբիին, սակայն մերժում է ստացել: Այդ մասին հայտնել է «Բայերի» մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլերը:
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը եւ կողմերը փոխհամաձայնության չեն գալիս այն երկարաձգելու հարցում: Ավելի վաղ հայ կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան էլ նշել էր, որ Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում