23:03  ,  24 հունիսի, 2016

Անդրե Շյուրլեն՝ «Բորուսիայում» Հենրիխ Մխիթարյանին փոխարինելու գլխավոր թեկնածու

Դորտմունդի «Բորուսիան» սկսել է փոխարինող փնտրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, գրում է sport1.de-ն՝ հղում անելով Bild թերթին:

«Բորուսիայում» Մխիթարյանին փոխարինող են դիտարկում «Վոլֆսբուրգի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրե Շյուրլեին: Նշվում է, որ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն արդեն կապ է հաստատել Շյուրլեի հետ, որն այս օրերին մասնակցում է Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ին: «Բորուսիայում» արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ Մխիթարյանին թիմում պահել հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը եւ կողմերը փոխհամաձայնության չեն գալիս այն երկարաձգելու հարցում: Ավելի վաղ հայ կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան էլ նշել էր, որ Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիայի 20-ակի չեմպիոնն էլ պատրաստ է վճարել Մխիթարյանի համար պահանջվող 40 միլիոն եվրոն:

Ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով