19:18  ,  28 հունիսի, 2012

Եվրո-2012-ը NEWS.am Sport-ի համար մեկնաբանում է Վալերի Գազաեւը

NEWS.am Sport-ը շարունակում է Եվրո-2012-ը ներկայացնել հռչակավոր ֆուտբոլիստների եւ մարզիչների մեկնաբանությամբ։ Վերա Մարտիրոսյանի հերթական զրուցակիցը 2004/2005թթ. ՈւԵՖԱ-ի վարկածով «Տարվա մարզիչ» մրցանակի դափնեկիր, Մոսկվայի «Դինամոյի», ԲԿՄԱ-ի, Վլադիկավկազի «Ալանիայի», Կիեւի «Դինամոյի», Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնի գլխավոր թեկնածու Վալերի Գազաեւն է։

Պարոն Գազաեւ, մեկնաբանեք խնդրում եմ կիսաեզրափակիչի Իսպանիա – Պորտուգալիա հանդիպումը։

Շատերը կարծում են, որ այդ խաղով իսպանացիների դուրս գալը եզրափակիչ արդար չէր։ Ես համաձայն չեմ։ Իմ անձնական կարծիքով, Իսպանիան այն աստիճան է գերիշխում համաշխարհային ֆուտբոլում, որ մարդիկ այդ խաղն ընկալում են որպես ձանձրալի ֆուտբոլ։ Իսպանիայի ֆուտբոլը կատարելություն է, տակտիկական սխեմա է։

Ի՞նչ կանխատեսում ունեք Գերմանիա - Իտալիա հանդիպման համար։

Վարպետության, մարտավարության, անհատական դիրքերի տեսանկյունից Գերմանիան ավելի ուժեղ է, բայց չի կարելի հաշվի չառնել իտալական ոգին։ Առաջնության մեկնարկից առաջ Իտալիան պարտվեց Ռուսաստանին, իսկ այսօր կիսաեզրափակիչի մասնակից է։ Նրանք միշտ հայտնի են եղել իրենց մարտական ոգիով։ Դա, հավանաբար Հին Հռոմի ժամանակներից է գալիս։

Արդարացրե՞ց Եվրո-2012-ը Ձեր սպասելիքները։

Այո, ես կարծում եմ, որ ուժեղագույն հավաքականներն են դուրս եկել կիսաեզրափակիչ։ Իսպանիային, Պորտուգալիային, Գերմանիային եւ Իտալիային կարող եմ ավելացնել նաեւ Անգլիային, Ֆրանսիային, Ռուսաստանին եւ Շվեդիային։

Կարծում եմ սխալվում են այն հոռետեսները, որոնք խոսում են եվրոպական ֆուտբոլի դեգրադացիայի մասին։ Եթե դիտարկենք առաջատար ակումբների խաղը, ապա դրանք հաղթում են մեկ գնդակի տարբերությամբ։ Երբ մարդիկ ասում են, որ Իսպանիան խաղում է ձանձրալի ֆուտբոլ՝ նրանք պետք է հասկանան, որ 70 տոկոս գնդակ պահելը ոչ թե ձանձրալի, այլ՝ կատարյալ ֆուտբոլ է։

Մրցաշարի մեկնարկից առաջ, Դուք կարո՞ղ էիք ենթադրել, որ Ռուսաստանը դուրս չի գա խմբից։ Ի՞նչ կանխատեսում ունեիք Դուք։

Ես վստահ է, որ Ռուսաստանը դուրս կգա խմբից։ Ցավալի է, որ մեր թիմը չկարողացավ դուրս գալ ամենաթույլ խմբից։ Թեեւ վարպետության եւ բոլոր մյուս կետերով Ռուսաստանի հավաքականն ուժեղագույնն էր խմբում։ Բայց սա ֆուտբոլ է։ Պետք է վերլուծել, թե ինչու այդպես տեղի ունեցավ։ Ես կարծում էի, որ Ռուսաստանն առնվազն կիսաեզրափակիչում կլինի։

Մամուլում շատ է խոսվում, որ Դուք Ռուսաստանի հավաքականի հաջորդ գլխավոր մարզիչն եք։

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը դեռ նախագահ չունի։ Նախ՝ պետք է ընտրել նախագահի, հետո լուծում կստանա գլխավոր մարզիչի խնդիրը։

Շնորհակալություն հարցազրույցի համար։

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Լուսանկարը՝ «Спорт-Экспресс»-ի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով