22:08  ,  25 մարտի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Եթե մարզիչը չի ցանկանում հրավիրել մի ֆուտբոլիստի, մենք չենք կարող նրան ստիպել

Եթե մարզիչը չի ցանկանում հրավիրել մի ֆուտբոլիստի, մենք չենք կարող նրան ստիպել ու ասել, որ պետք է հրավիրվի:

Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն ընկերական խաղում Բելառուսի դեմ գոլազուրկ ոչ ոքիից հետո պատասխանեց լրագրողների հարցերին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը: 

Ի՞նչ կարծիքի ես խաղի մասին:

Կարծում եմ՝ լավ խաղացինք: Ճիշտ է, չկարողացանք գոլ խփել, բայց նախորդ խաղի համեմատ ավելի լավ գործեցինք, ստեղծեցինք ավելի շատ պահեր: Կարծում եմ, որ վատ չէր առաջին հանդիպման համար:

Դրվագներից մեկում հարված ստացար ոտքիդ: Ամեն բան նորմա՞լ է:

Փառք Աստծո, ամեն բան նորմալ է: Շնորհակալություն:

Ի՞նչ կասես նորեկների մասին: Նրանց հետ համագործակցությունը ստացվե՞ց:

Կարծում եմ, որ Գոռ Մալաքյանն ու Դավիթ Մանոյանը դաշտի կենտրոնում շատ լավ հանդես եկան երկար բացակայությունից հետո: Փոխարինման դուրս եկած մյուս ֆուտբոլիստները նույնպես կարողացան լավ գործել: Կարծում եմ՝ նրանց դեռ ժամանակ է պետք մերվելու համար: Հույս ունենանք, որ հավաքականն ավելի ուժեղ կդառնա:

Երիտասարդ դարպասապահի ներկայությունը հոգեբանորեն ազդո՞ւմ էր խաղացողների վրա:

Եթե խաղում է ազգային հավաքականում, ուրեմն պատրաստ է: Ճիշտ է, գուցե նրա մոտ լարվածություն կար, քանի որ առաջին խաղն էր, բայց լավ հանդես եկավ եւ կարողացավ փրկել մի քանի դրվագներում: Հուսով ենք, որ մնացած հանդիպումներում կգործի էլ ավելի լավ:

Մարզիչի առաջադրանքներից ի՞նչը հաջողվեց կատարել, ինչը՝ ոչ:

Խաղից հետո մարզիչը գոհունակություն հայտնեց եւ ասաց, որ կատարել ենք գրեթե այն ամենը, ինչ նա հանձնարարել էր: Մենք էլ փորձեցինք անել այն ամենը, ինչ պահանջվում էր մեզանից: Կարծում եմ՝ միայն գոլն էր պակասում:

Բերեզովսկու փոխարինման պահը շատ խորհրդանշական ստացվեց: Ինչպիսի՞ զգացողություններ ունեցար այդ պահին:

Ճիշտն ասած, հաճելի զգացողություններ էին, քանի որ ճանապարհում էինք մի ֆուտբոլիստի, որը 19 տարի ոչ մի բան չի խնայել ազգային հավաքականի համար: Նա խաղացել է բարձր մակարդակով եւ հոգի ու սիրտ է ներդրել, որպեսզի ուրախացնի մեր ազգին: Շատ լավ զգացողություններ էին:

Հավաքականում հիմա հոգեբանական ի՞նչ վիճակ է ՀՖՖ նախագահի վերջին հայտարարություններից հետո:

Ճիշտն ասած, մենք ընդհանրապես ուշադրություն չենք դարձնում: Մեր գործը ֆուտբոլ խաղալն է: Ինչ կարող ենք անել: Եթե մարզիչը չի ցանկանում հրավիրել մի ֆուտբոլիստի, մենք չենք կարող նրան ստիպել ու ասել, որ պետք է հրավիրվի: Մեզանից ինչ հասնում է, մենք անում ենք դա խաղադաշտում: Ես չգիտեմ՝ դուք ինչ նկատի ունեք:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով