09:11  ,  23 հունիսի, 2012

Եվրո-2012-ը NEWS.am Sport-ի համար մեկնաբանում է աշխարհի առաջության լավագույն ռմբարկուն

NEWS.am Sport-ը շարունակում է բացառիկ հարցազրույցների շարքում ներկայացնել հռչակավոր ֆուտբոլիստների կարծիքը Եվրո-2012-ի մասին: Այս անգամ մրցաշարը մեկնաբանում է 1994թ. աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու, 1990թ. ԽՍՀՄ չեմպիոն, 1996թ. Շոտլանդիայի չեմպիոն, այժմ ֆուտբոլային վերլուծաբան Օլեգ Սալենկոն:

Պարոն Սալենկո, ի՞նչ տպավորություններ ունեք Եվրո-2012-ից:

Մրցաշարը դեռ շատ հետաքրքիր է ու լարված: Խմբային փուլը հաղթահարել են ուժեղագույնները: Անսպասելի բաներ չեն եղել, բացի ռուսների դուրս չգալուց: Ամեն ինչ անցնում է բարձր մակարդակով: Ուկրաինայում եւ Լեհաստանում ոչ մի խնդիրներ չկան: Բոլորը կենտրոնացած են ֆուտբոլի վրա եւ անհամբեր սպասում են որոշիչ խաղերին:

Դուք ասացիք՝ ֆուտբոլին խանգարող ոչ մի բան չկա, բայց այդքան շատ մերձֆուտբոլային կրքեր  թեժացան:

Ես Կիեւում աշխատում եմ  որպես ֆուտբոլային  հեռուստավերլուծաբան: Մեկնում եմ նաեւ Դոնեցկ: Պատահարներ լինում են: Լեհաստանում եղան բախումներ, բայց դրանք աշխատանքային պահեր են: Դրանց վրա ուշադրություն չեն դարձնում: Ցանկության դեպքում կարելի է  ամեն բան առանձնացնել: Այս տեսակի մրցաշարերում կարող են իրենց ցույց տալ ռասիստները, ինչպես նաեւ FEMEN-ի ակտիվիստները ակցիաներ են կազմակերպում: Այս մանրուքների վրա պետք չէ ուշադրություն դարձնել:

Ի՞նչ կասեք Ռուսաստանի եւ Ուկրաինայի հավաքականների ելույթների մասին:

Երկու թիմերն էլ դուրս մնացին մրցաշարից, բայց դուրս մնացին տարբեր ձեւ: Առաջին խաղից հետո ոչ ոք չէր մտածում, որ ռուսները դուրս չեն գա խմբից: Որպես Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ինձ համար շատ ցավալի էր հետեւել հետնապահների հետ երկու խաղերում ցուցադրած այդ թուլամորթությանը: Ռուսաստանի հավաքականում պետք է վերանայել մարզչական կազմի եւ խաղացողների վերաբերմունքը սեփական թիմի նկատմամբ: Իսկ Ուկրաինայի հավաքականն արեց հնարավոր ամեն ինչ: Նրանք խաղացին իրենց հնարավորությունների սահմաններում: Այդ խմբից Ուկրաինային շատ դժվար կլիներ դուրս գալ: Նրանք դեռ այդ կարգը չունեն: Պայքարում էին, փորձում էին, բայց չստացվեց:

Ո՞ր թիմերը կհայտնվեն եզրափակիչում:

Ես վաղուց եմ կարծում, որ եզրափակիչում լինելու են Գերմանիան ու Իսպանիան: Բայց այժմ Պորտուգալիան սկսեց թափ հավաքել: Իմ կարծիքով կլինի Իսպանիա – Պորտուգալիա կիսաեզրափակիչ: Իսկ Գերմանիան առանց արգելքի դուրս կգա եզրափակիչ:

Ո՞վ կարող է գլխավորել Ռուսաստանի հավաքականը:

Հոլանդացիների ժամանակաշրջանն էր Ռուսաստանի հավաքականում, եւ թիմը կորցրեց իր բնավորությունը: Կարծում եմ` փնտրելու են ռուս մասնագետի: Գուցե, վստահեն երիտասարդ մարզիչի, բայց դժվար թե: Պետք է լինի խիստ մարզիչ, ով կկառուցի լավ պաշտպանություն եւ կարգապահություն: Ես խորհուրդ կտայի Ֆաբիո Կապելոյին:

Եվ վրջում, հետաքրքիր է իմանալ. համամի՞տ եք Պելեի հետ, ով ասաց, թե Մեսին չի կարող լինել լավագույնը, քանի դեռ Արգենտինայի հավաքականի հետ մեծ արդյունքների չի հասել:

Համամիտ եմ: Ակումբային թիմերն իրենց տեղն ունեն, բայց լավագույն ֆուտբոլիստը պետք է ինչ-որ բանի հասնի նաեւ հավաքականի հետ: Դա նույն դեպքը չէ, երբ լավագույն ֆուտբոլիստներ դարձան աֆրիկացի խաղացողները կամ էլ Շեւչենկոն: Կան թույլ հավաքականներ, բայց Արգենտինան շատ ուժեղ է եւ նրա հետ արդյունքի չհասնելը մեծ բացթողում է: Հուսանք, որ աշխարհի հաջորդ առաջնության ժամանակ Մեսին կապացուցի, որ լավագույնն է:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով