14:38  ,  25 նոյեմբերի, 2015

Սմբատ Լպուտյան. Բաքվում կայանալիք Օլիմպիադայում Հայաստանի մասնակցության հարցը դեռ որոշված չէ

Բաքվում կայանալիք Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի մասնակցության հարցը դեռ վերջնական որոշված չէ: Մեր տղաների մասնակցությունը Բաքվում շատ դժվար կլինի: Կլինեն քննարկումներ, իրենց կարծիքները կհայտնեն նաեւ հավաքականի անդամները եւ առաջիկայում կորոշվի մասնակցության հարցը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի հավաքականը (Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Հրանտ Մելքումյան, Կարեն Գրիգորյան) Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:

9 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթեց Իսլանդիային, Նորվեգիային, Գերմանիային, Լեհաստանին ու Վրաստանին, ոչ ոքի խաղաց Անգլիայի, Իտալիայի, Ռուսաստանի հետ եւ միակ պարտությունը կրեց ֆրանսիացիներից: Կանանց Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 10 միավորով՝ զբաղեցնելով 11-րդ տեղը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր տղաներին լավ հանդես գալու կապակցությամբ, մենք ունենք մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներ՝ ոսկե մեդալակիր Հրանտ Մելքումյանը, արծաթե մեդալակիր Լեւոն Արոնյանը եւ բրոնզե մեդալակիր Գաբրիել Սարգսյանը: Սերգեյ Մովսեսյանի մասին կասեմ, որ  այս երկու տարիների ընթացքում նրա հետ կարծես ինչ-որ բան է տեղի ունենում եւ նա չի կարողանում իր տեղը գտնել: Այս առաջնությունում նա լավ հանդես եկավ, բայց կարծում եմ՝ առաջիկայում նա մշտապես լավագույն խաղերը ցույց կտա: Նորեկ Կարեն Գրիգորյանի մասին էլ կասեմ, որ նա պետք է շատ աշխատի, որպեսզի դառնա թիմի լիարժեք անդամ եւ պրոֆեսիոնալ շախմատիստ: Նա ունակություններով տղա է, բայց սովորելու դեռ շատ բան ունի:

Սովորաբար նման մրցաշարերում շատ մեծ լարվածություն է լինում: Սա շատ բարդ մրցաշար էր մեր հավաքականի համար, սկզբում ունեցանք վրիպում, բայց վերջնամասում ունեցանք գերազանզ խաղեր: Շատ լավ խաղացին մեր տղաները, շատ համախմբված էին, միասնական, հաղթանակի տրամադրված: Մեր հավաքականն ունի շատ հզոր շախմատային ուժ, տղամարդուն բնորոշ բնավորություն՝ միշտ լինել հաղթողի դերում: Մենք փոխչեմպիոնի տիտղոսով վերադարձանք Հայաստան, եւ սա մեծ արդյունք է մեզ համար:

Ամբողջ աշխարհում առաջին երկիրը աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճած մեդալների քանակով Ռուսաստանն է՝ 23 մեդալ, երկրորդը Հայաստանն է՝ 15 մեդալ, երրորդ գերհզոր թիմը Ուկրաինան է: Այս երեք պետությունները ամենահզորներն են, շախմատային գերտերություններ են, որոնք հաշվարկով ամենաշատ մեդալներ նվաճածներն են Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Մեզ համար հաղթանակ է լինել այդ գերտերությունների մեջ»,- ասաց Սմբատ Լպուտյանը:

Խոսելով կանանց հավաքականի ելույթի մասին Եվրոպայի թիմային առաջնությունում, ֆեդերացիայի փոխնախագահը նշեց.

«Կա կարծիք, որ կանանց Հայաստանի հավաքականը լավ հանդես չի գալիս: Բայց ամբողջ Եվրոպայում մեր կանանց հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնություններում նվաճած մեդալների քանակով: Անհաջողություններ լինում են մրցաշարերում, բայց կանանց թիմը նույնպես լավ է հանդես գալիս»:

Խոսելով հաջորդ տարի Բաքվում կայանալիք Համաշխարհային օլիմպիադայի մասին, Լպուտյանն ասաց, որ Հայաստանի մասնակցությանը հարցը դեռ որոշված չէ:

«Առջեւում ունենք շատ կարեւոր ստուգատես՝ Բաքվում կայանալիք Համաշխարհային օլիմպիադան, որտեղ մեր մասնակցության հարցը դեռեւս վերջնական որոշված չէ: Մեր տղաների մասնակցությունը Բաքվում շատ դժվար կլինի: Կլինեն քննարկումներ, իրենց կարծիքները կհայտնեն հավաքականի անդամները: Հոգեբանորեն շատ լարված կլինեն մեր տղաները եւ շատ դժվար է լինելու մեր մարզիկների համար, եթե որոշվի մեկնել Բաքու: Ես որպես շախմատիստ եմ ասում՝ եթե մարզիկի միտքը ինչ-որ մի հարցով զբաղված է, կամ հոգեբանորեն լարված ես, դա բացասաբար է անդրադառնալու խաղի վրա»,- ասաց Սմբատ Լպուտյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով