20:33  ,  22 նոյեմբերի, 2015

Շախմատի Հայաստանի հավաքականը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Շախմատի Հայաստանի հավաքականը (Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Հրանտ Մելքումյան, Կարեն Գրիգորյան) հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացված Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում հայ գրոսմայստերները 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարան Վրաստանի թիմի նկատմամբ եւ վաստակեցին 13 միավոր: Նույնքան միավոր ունեն նաեւ Ֆրանսիան ու Հունգարիան, որոնց 6-րդ վարկանիշային համարով հանդես եկող Հայաստանի հավաքականը գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով: Բրոնզե մեդալը բաժին հասավ հունգարացիներին:

9 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթեց Իսլանդիային, Նորվեգիային, Գերմանիային, Լեհաստանին ու Վրաստանին, ոչ ոքի խաղաց Անգլիայի, Իտալիայի, Ռուսաստանի հետ եւ միակ պարտությունը կրեց ֆրանսիացիներից: 

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն 8 տարվա ընդմիջումից հետո նվաճել էր Ռուսաստանի հավաքականը, որը վերջին տուրում ոչ ոքի էր խաղացել Հունգարիայի հետ եւ 15 միավորով գրավել առաջին տեղը:

Հայաստանի հավաքականը նախորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն դարձել էր 2007-ին, երբ ոսկե մեդալը դարձյալ նվաճել էին ռուսները: Այս տարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում էին ադրբեջանցիները, որոնք 11 միավորով գրավեցին 7-րդ տեղը:

Կանանց Հայաստանի հավաքականը վերջին տուրում 3.5:0.5 հաշվով հաղթեց Չեխիային: Հայկական թիմի առաջատար Էլինա Դանիելյանը, երրորդ ու չորրորդ համարներ Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան հաղթանակներ տարան, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց երկրորդ խաղատախտակի վրա: Կանանց Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 10 միավորով՝ զբաղեցնելով 11-րդ տեղը:

Կանանց Եվրոպայի չեմպիոն դարձան ռուսները, որոնք վաստակեցին 17 միավոր: Ուկրաինուհիները չպաշտպանեցին տիտղոսը եւ 15 միավորով գրավեցին երկրորդ տեղը, իսկ վրացուհիներն արժանացան բրոնզե մեդալների՝ 14 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում