18:44  ,  22 նոյեմբերի, 2015

Ռուսաստանի հավաքականը` շախմատի Եվրոպայի չեմպիոն

Շախմատի Ռուսաստանի հավաքականը (Պյոտր Սվիդլեր, Ալեքսանդր Գրիշչուկ, Եվգենի Տոմաշեւսկի, Յան Նեպոմնյաշչի, Դմիտրի Յակովենկո) դարձավ 2015թ. Եվրոպայի չեմպիոն: Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում ռուսները հանդիպեցին երկրորդ տեղում գտնվող Հունգարիայի հետ եւ մրցամարտն ավարտեցին ոչ ոքի՝ 2:2:

Ռուսաստանի հավաքականը վաստակեց 15 միավոր եւ ապահովեց առաջին տեղը: Հունգարացիներն ունեն 13 միավոր եւ ընթացիկ երկրորդ տեղում են:

11 միավոր ունեցող Հայաստանի հավաքականը մրցում է Վրաստանի թիմի հետ եւ 3 պարտիաներից հետո հաղթում է 2:1 հաշվով: Հայաստանի թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Բահադուր Ջոբավային, Գաբրիել Սարգսյանը սեւերով ոչ ոքի է խաղացել Միխեիլ Մչեդիշվիլու հետ, իսկ Հրանտ Մելքումյանը սեւերով միավորը կիսել է Մերաբ Գագունաշվիլիի հետ: Սերգեյ Մովսեսյանը դեռ չի ավարտել պարտիան եւ սպիտակներով մրցում է Լուկա Պաիչաձեի հետ:

Այս տարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում էին ադրբեջանցիները, իսկ ռուսները նախորդ առաջնությունում նվաճել էին բրոնզե մեդալ: Ռուսաստանի հավաքականը նախորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձել էր 2007-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում