23:10  ,  21 նոյեմբերի, 2015

«Բարսելոնան» Մադրիդում չնկատեց «Ռեալին»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ եւ միավորների առավելությունը հասցրեց 6-ի:

Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կայացած խաղում կատալոնացիները խաղադաշտ էին դուրս եկել առանց վնասվածից վերականգնված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի, սակայն նկատելի առավելություն ունեին առաջին խաղակեսում եւ ընդմիջման գնացին 2 գոլի առավելությամբ: «Բարսելոնան» ավելի ակտիվ սկսեց խաղը եւ խփեց արագ գոլ: 11-րդ րոպեին հաշիվը բացեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: Մադրիդցիները նման չէին իրենց եւ չէին կարողանում ստեղծել վտանգավոր պահեր, իսկ հյուրերն ունեին տարածքային առավելություն: «Ռեալը» մրցակցի դարպասի ուղղությամբ առաջին հարվածը կատարեց միայն 28-րդ րոպեին, իսկ քիչ անց Լուիս Էնրիկեի թիմը կրկնապատկեց հաշիվը: 39-րդ րոպեին հաշիվը 2:0 դարձրեց բրազիլացի հարձակվող Նեյմարը: Խաղակեսի վերջնամասում «Բարսելոնան» կարող էր խփել նաեւ երրորդ գոլը, բայց թիմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Ռեալը» կորցրեց գոլային պահ, ինչի համար քիչ անց պատժվեց: 53-րդ րոպեին արտակարգ գեղեցիկ գոլ խփեց «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որն աչքի ընկավ Նեյմարի հետ պատ խաղարկելուց հետո: Այդ գոլից հետո Ռաֆայել Բենիտեսի թիմը սկսեց ավալի շատ գրոհել, սակայն գործն իրական գոլային պահերի չէր հասնում:

Ծնկի վնասվածքի պատճառով սեպտեմբերի 26-ից խաղադաշտից բացակայող Լիոնել Մեսին փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին: «Ռեալն» ամենաիրական գոլային պահն ունեցավ 68-րդ րոպեին, երբ Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ գոլ խփել հարմար դիրքից: «Բարսելոնան» ավելի հաջող էր գրոհում եւ 74-րդ րոպեին խփեց նաեւ չորրորդ գոլը: Դուբլի հեղինակ դարձավ Սուարեսը, որը վերջակետ դրեց խաղին: 85-րդ րոպեին տանտերերից կարմիր քարտ ստացավ իսպանացի կիսապաշտպան Իսկոն:

Նախորդ անգամ Արքայական ակումբը սեփական խաղադաշտում 0:4 հաշվով պարտվել էր 1990 թվականին՝ «Օսասունայի» դեմ խաղում:

«Բարսելոնան» միավորների քանակը հասրցրեց 30-ի, իսկ երկրորդ տեղում գտնվող «Ռեալն» ունի 24 միավոր: Այս տուրում Արքայական ակումբին կարող է շրջանցել Մադրիդի «Աթլետիկոն», որը հավաքել է 23 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 0:4

Լուիս Սուարես, 11, 74, Նեյմար, 39, Անդրես Ինյեստա, 53

Հեռացում՝ Իսկո, 85 («Ռեալ»)  

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիլո, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Մարսելո (Դանիել Կարվախալ, 59), Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Խամես Ռոդրիգես (Իսկո, 55), Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա:

«Բարսելոնա». Կլաուդիո Բրավո, Դանի Ալվես, Խավյեր Մասկերանո (Ժերեմի Մաթյո, 27), Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Իվան Ռակիտիչ (Լիոնել Մեսի, 57), Անդրես Ինյեստա (Մունիր Էլ Հադադի, 77), Սերխի Ռոբերտո, Նեյմար, Լուիս Սուարես:

«Ռեալ Սոսյեդադ» - «Սեւիլիա»՝ 2:0

Իմանոլ Ագիրեչե, 73, Խավի Պրիետո, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով