15:41  ,  9 նոյեմբերի, 2015

ՀՖՖ նախագահ. ՖԱՖ կոչվող խմբակին խորհուրդ կտամ զբաղվել տուրիստական գործունեությամբ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ֆան-ակումբ ՖԱՖ-ին («Առաջին ճակատ»), որն օրեր առաջ հայտնել էր դեպի ՀՖՖ-ի շենք բողոքի երթ կազմակերպելու մտադրության մասին:

«Ուրախությամբ տեղեկացա, որ ՖԱՖ կոչվող խմբակը պահանջատիրական խնդիրներով է սկսել հանդես գալ, բայց զարմացա, որ պահանջատիրությունը կապված է Հայաստանի ազգային հավաքականի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ես կարծում էի, որ ՖԱՖ կոչվող խմբակը պահանջատիրական հակումներ կարող է ունենալ օրինակ, ասենք Իտալիայի ազգային հավաքականի կամ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ: 

Բոլորն են հիշում, թե ինչ ջերմությամբ ու մտահոգությամբ էին նրանք երկրպագում օրինակ Իտալիայի ազգային հավաքականին: Ընդհանրապես ՖԱՖ կոչվող խմբակը մինի շոուներ կազմակերպելու մեծ փորձ ունի, բայց Հայաստանի ազգային հավաքականի համար վճռորոշ պահերին օտար երկրների հավաքականներին երկրպագելու մասով: 

ՖԱՖ կոչվող խմբակը լավ կլինի, որպեսզի գիտակցի, որ Հայաստանի հավաքականն ունի հարյուր հազարավոր հավատարիմ երկրպագուների բանակ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, որոնք իսկապես Հայաստանի ազգային հավաքականի եւ հայկական ֆուտբոլի կողքին են ամեն պարագայում: Նրանք իրենց չեն ծառայեցնում տարբեր շահերի, ոչ մաքուր հանձնարարություններ չեն կատարում, հավաքականն ու ֆուտբոլը չեն ծառայեցնում իրենց մանր ամբիցիաներին: Նրանք միշտ եւ հատկապես հավաքականի համար վճռորոշ պահերին մեր ազգային հավաքականի հետ են, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հավաքականը վերագտնի իրեն արժանի խաղը: 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ես անձամբ բազմիցս ենք արտահայտել մեր երախտագիտությունը մեր հավատարիմ հարյուր հազարավոր երկրպագուներին: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ազգային հավաքականը նրանց վերադարձնի իրենց նվիրումը: Հայաստանում եւ արտերկրում Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնց նաեւ շնորհակալ ենք իրենց աշխատանքի, դիտողությունների եւ խորհուրդների համար: Որեւէ խմբակի իրավունք չի տրված խոսել ազգային հավաքականի բոլոր երկրպագուների անունից: 

ՖԱՖ կոչվող խմբակին խորհուրդ կտամ զբաղվել տուրիստական գործունեությամբ եւ տոմսերի առ ու վաճառքով: Դա ավելի լավ է ստացվում»,- նշված է ՀՖՖ նախագահի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՖԱՖ-ը հայտնել էր, որ երթին մասնակցել ցանկացողները պետք է հավաքվեն նոյեմբերի 16-ին` ժամը 17:00-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտ, իսկ դեպի ՀՖՖ-ի շենք երթը կմեկնարկի 18:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում