20:41  ,  8 հոկտեմբերի, 2015

Յուրգեն Կլոպը երեկոյան կժամանի Լիվերպուլ

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ու անգլիական «Լիվերպուլը» հասել են համաձայնության, հաղորդում է liverpoolecho։ Սպասվում է, որ երեկոյան գերմանացի մասնագետը կժամանի Լիվերպուլ։ Կողմերը կկնքեն երեք տարվա պայմանագիր։ Գլխավոր մարզիչի պաշտոնում Յուրգեն Կլոպի նշանակման թեմայով մամուլի ասուլիս «Լիվերպուլը» կանցկացնի հոկտեմբերի 9-ին։

48-ամյա մասնագետի մարզչական շտաբում կընդգրկվեն Ժելկո Բուվաչն ու Պետեր Կրավիտցը, որոնք Կլոպի հետ էին նաեւ «Բորուսիայում»։

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է Բրենդան Ռոջերսի պաշտոնանկությունից հետո։

Յուրգեն Կլոպը «Բորուսիան» գլխավորել է 2008-2015 թվականներին։ Նրա ղեկավարությամբ դորտմունդյան թիմը դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, մեկ անգամ նվաճել է գավաթը։ Թիմը նաեւ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, երկուական անգամ դարձել է երկրի փոխչեմպիոն եւ հասել գավաթի խաղարկության եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում