00:08  ,  8 սեպտեմբերի, 2015

Արաս Օզբիլիս. Քրտնաջան աշխատում եմ, որպեսզի վերադառնամ նախկին մարզավիճակիս

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Դանիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղից հետո խոսել է իր մարզավիճակի մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Քայլ առ քայլ զգում եմ, որ ավելի եմ վերականգնվում: Քրտնաջան աշխատում եմ, որպեսզի վերադառնամ նախկին մարզավիճակիս, սակայն դրա համար ժամանակ է հարկավոր: Նույնիսկ մեծագույն ֆուտբոլիստները ծանր վնասվածքներից հետո երկար ժամանակ ապաքինվում են: 

Ինչ վերաբերում է թուրքական ակումբների հետաքրքրությանն իմ հանդեպ, ապա դա ճիշտ չէ: Կային շատ տարբերակներ, բայց ես այժմ «Սպարտակի» ֆուտբոլիստ եմ եւ ցանկանում եմ կենտրոնանալ մոսկովյան ակումբի վրա»,- ասել է Արաս Օզբիլիսը:

Դանիայի հետ 0:0 հաշվով խաղալուց հետո Հայաստանի հավաքականը 2 միավորով I խմբի նախավերջին տեղում է:

Թեեւ Հայաստանի հավաքականը վերջապես կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը՝ ընդհատելով 17-խաղյա գոլային շարքը, սակայն շարունակում է մնալ I խմբում հաղթանակ չունեցող միակ թիմը: Սարգիս Հովսեփյանի թիմը ընտրական վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 11՝ ընդունելով ալբանացիներին: Այդ հանդիպումից 3 օր առաջ Հայաստանի հավաքականը Նիցայում կհանդիպի Ֆրանսիային, որը Եվրո-2016-ը հյուրընկալող երկիրն է եւ ընկերական խաղեր է անցկացնում I խմբի թիմերի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում