22:22  ,  7 սեպտեմբերի, 2015

Սարգիս Հովսեփյան. Ինձ տեսնում եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Եվրո-2016-ի ընտրական խաղում դանիացիների հետ տնային ոչ ոքին:

«Չեմ կարծում եմ, որ փոխարինումներն ուշացած էին: Եթե Արաս Օզբիլիսը, Ռուսլան Կորյանն ու Արտյոմ Սիմոնյանը լավ են մտել խաղի մեջ, ապա փոխարինումները կատարել ենք ճիշտ ժամանակին: Նրանց տալիս ենք այնքան խաղաժամանակ, որքան կարող են խաղալ: Բոլորը մեծ աշխատանք կատարեցին եւ հոգնեցին:

Հնարավոր չէ բոլորի հետ անհատապես աշխատել, քանի որ հավաքականում մի քանի օր ենք մարզվում միասին: Պաշտպանները շատ լավ խաղացին: Ընդհանրապես, գերազանց խաղացին բոլորը: Մկոյանը միանում էր գրոհներին, իսկ Գաելը խաղաց ձախ եզրում, թեեւ կենտրոնական պաշտպան է: Անդոնյանը ձախլիկ է, եւ որոշեցինք խաղացնել այդ դիրքում, թեեւ նա պետք է դեռ աշխատի այդ ուղղությամբ: Պայքարելու ցանկությունն այնքան շատ էր, որ մեկը մյուսին երբեմն չէին ցանկանում զիջել գնդակը: Ես դրական բան եմ տեսնում դրա մեջ:

Կար խաղ, կային պահեր, բայց սա ֆուտբոլ է եւ կարող ես գոլ չխփել եւ չհաղթել: Տղաները շատ բարդ դրության մեջ են, քանի որ միավոր չէին վաստակել: Պետք է գտնեինք մեր խաղը: Ահա անցավ որոշ ժամանակ, եւ վաստակեցինք առաջին միավորը: Կարող էինք գոլեր խփել, բայց կարեւորն այն էր, որ խաղ կար: Կարող եմ տղաներից շնորհակալություն հայտնել նվիրված խաղի համար: Նրանք այնքան էներգիա էին ծախսել, որ հանդերձարանում նույնիսկ չէին կարողանում խոսել: Չեմ կարող ասել, որ գոհ չեմ արդյունքից: Բոլորն էլ կարող են վրիպել եւ սխալվել էմոցիաների տակ: Կասկած չկա, որ բոլորը նվիրված էին: Այսպիսի խաղից չի կարելի գոհ չլիներ: Դուք նայում եք միավորներին, բայց ինձ գոհացնում է տղաների խաղն ու տրամադրությունը, իսկ միավորներն անպայման կգան:

Պետք է խաղանք ավելի ագրեսիվ, քանի որ այդ դեպքում ավելի քիչ ենք հոգնում եւ ստեղծում ենք վտանգավոր պահեր: Առջեւում ունենք արագ ֆուտբոլիստներ, որոնց պետք է օգտագործել: Այսպիսի խաղերում նույնիսկ մեկ պահը շատ կարեւոր է եւ պետք է օգտագործել: Յուրա Մովսիսյանն ունի բարձր տեխնիկա եւ արագություն, բայց նրա դիրքը կենտրոնն է: Եթա նա գնա եզր, ապա ով պետք է գոլ խփի: Յուրան գոլ չխփեց, սակայն շատ գոհ եմ նրանից:

Ցանկացած մարզիչ էլ կերազեր իրեն տեսնել ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում: Ցանկացած մարզիչ երազում է դրա մասին: Ես ինձ տեսնում եմ այդ պաշտոնում, քանի որ արդեն դրական փոփոխություն կա: Ես զգում եմ տղաներին, բոլորս հասկանում ենք իրար, իսկ դա շատ կարեւոր է: Կցանկանայի գլխավորել հավաքականը, քանի որ տեսնում եմ, որ թիմը գրավիչ ֆուտբոլ է սկսել խաղալ: Դա իմ որոշելու բանը չէ, սակայն չեմ ասի, որ չեմ ցանկանում գլխավորել հավաքականը:

Մեր համախմբված խաղը կախված է նաեւ մրցակցից: Մենք թերագնահատել էինք սերբերին՝ մտածելով, որ նրանք խմբի հետնապահն են, իսկ մրցակիցը պատժեց մեզ: Որոշ ֆուտբոլիստների խաղը չստացվեց այդ օրը, բայց նրանք եւս մարդ են: Նույն այդ տղաներն այսօր դուրս եկան խաղադաշտ եւ հիանալի ֆուտբոլ խաղացին: Միայն խաղի ժամանակ կարող ես տեսնել, թե ինչ վիճակում է ֆուտբոլիստը»,- ասաց Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում գրանցվեց 0:0 հաշիվը:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով