15:45  ,  1 սեպտեմբերի, 2015

Լեւոն Ջուլֆալակյան. Առանց գրագիտության, առանց գիտելիքների մարդ չի կարող իր տեղը գտնել կյանքում

Ես զգում եմ մեծ տարբերություն իմ ժամանակաշրջանի դպրոցների եւ մերօրյա դպրոցների միջեւ, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը։

«Առաջին զանգս ցավոք չեմ հիշում, բայց դպրոցական տարիների հիշողություններս միշտ ինձ հետ են։ Հաճախել եմ Գյումրիի թիվ 6 միջնակարգ դպրոցը։ Հիշողությանս մեջ տպավորված է իմ առաջին ուսուցչուհին, ընկեր Գոհարը, նրան այդպես էինք դիմում։ Դպրոցական տարիներից հիշողություններ շատ ունեմ, բոլոր ուսուցիչներիս սիրում էի, բոլորին լավ հիշում եմ։

Այսօր շատ կարեւոր օր է, չնայած ես միշտ բոլոր օրերն էլ կարեւորում եմ, ինձ համար յուրաքանչյուր օր նշանակալից է։ Սեպտեմբերի 1-ը նոր կյանքի, սպասելիքների, նորի սկիզբն է։ Ուսումը, գիտելիքը շատ կարեւոր են կյանքում։ Կցանկանայի, որ այսօրվա մեր դպրոցները լինեին նախկին դպրոցների նման։ Մեր ժամանակ դպրոցներն անհամեմատ ավելի կազմակերպված էին, մենք մեր ուսուցիչներին շատ էինք սիրում, շատ էինք լսում, շատ էինք հարգում, իսկ հիմա ամեն ինչ փոխվել է, ես չեմ գտնում այդ ամենը այսօրվա դպրոցներում։ Ես կուզենայի, որ մեր փոքրիկները լավ դպրոց անցնեն, լավ կրթություն ստանան եւ իրոք լավ զավակներ դառնան մեր ազգի, մեր ժողովրդի համար։ Առանց գրագիտության, առանց գիտելիքների մարդ չի կարող իր տեղը գտնել կյանքում»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեւոն Ջուլֆալակյանը։

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Լաս Վեգաս մեկնելուց առաջ վերջին հավաքն է անցկացնում Երեւանում։ Թիմը ԱՄՆ-ը կմեկնի սեպտեմբերի 3-ին։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Շուշանիկ Հակոբյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում