19:31  ,  15 հուլիսի, 2015

Հրաչյա Ռոստոմյան. Բաքվից հետո ես նույնիսկ սկսել եմ սիրել շներին

Բաքվից հետո ես նույնիսկ սկսել եմ սիրել շներին, ասել է Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ խոսելով Բաքվում 20 օր անցկացնելուց հետո տպավորությունների մասին:

«Մինչեւ Բաքու մեկնելը եւ Բաքվից հետո որեւէ վախ կամ կաշկանդվածություն չի եղել: Ես չեմ պատկերացնում՝ լինի մի տեղ, որտեղ ես վախ կամ կաշկանդվածություն զգամ: Սա ոչ միայն իմ, այլ բոլոր մարզիկների, մարզիչների համար մեծ փորձություն էր: Օրինակ՝ ես մանկուց վախեցել եմ շներից: Փոքր շնից մինչեւ մեծ շուն վախենում էի, քանի որ փոքր տարիքում շուն է ինձ կծել: Բաքվից հետո ես սկսել եմ նույնիսկ սիրել շներին: Ես կորցրել եմ ամեն տեսակ վախի զգացում: Մենք հաղթահարել ենք հոգեբանական մեծ բարդույթ եւ մեզ համար արդեն անհնար ոչինչ չկա եւ վախենալու ոչինչ չկա, քանի որ մենք պատվով իրակացրեցինք մեր առջեւ դրված խնդիրը եւ պատվով վերադարձանք հայրենիք»,- Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

Հուլիսի 18-19-ը Երեւանի «Միկա» մարզադահլիճում կկայանա օլիմպիական փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան 20-րդ հոբելյանական միջազգային մրցաշարը: Մրցաշարից առաջ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ հավաք է անցկացնում Ծաղկաձորում։

«Վերջին տարիներին Հայաստանում օլիմպիական մարզաձեւերի նույնիսկ աննշան մրցաշարերը չեն վրիպում ՀԱՕԿ նախագահի ուշադրության կենտրոնից: Ստեփան Սարգսյանի անվան 20-րդ հոբելյանական մրցաշարը եւս բացառություն չէ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ անցյալ տարի խոստացավ, որ 20-րդ հոբելյանական մրցաշարը պետք է անցնի ամենալավը: Հավաքվել է ավելի քան 15 երկրի ներկայացուցիչ: Ունենք խոշոր մրցանակային հիմնադրամ, որը 88 հազար դոլարին համարժեք դրամ է կազմում: Ստեփան Սարգսյանի քաշային կարգի (60 կգ) հաղթողը ՀԱՕԿ նախագահից կստանա «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Սա եւս մեկ անգամ հնարավորություն է աշխարհին ցույց տալ, թե ինչ լավ երկիր է Հայաստանը, ինչ հյուրընկալ է, ինչպիսի միջոցառում կարող է կազմակերպել, հյուրընկալել եւ բարձր մակարդակով անցկացնել: ՀԱՕԿ-ի եւ ըմբշամարտի ֆեդերացիայի համագործակցությունը ամուր է։ Ճիշտ է՝ խնդիրներ կան, չկա մի ոլորտ որտեղ խնդիրներ չլինեն, բայց ամեն ինչ հսկողության տակ է եւ հաճելի համագործակցություն է ընթանում այս երկու կառույցների միջեւ»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով