11:11  ,  25 հունիսի, 2015

Արթուր Գեւորգյան. Այս մրցաշարում մասնակցությունն արդեն հաղթանակ է

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն անդրադարձել է Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարին մասնակցած հայ մարզիկներին:

«Շատ ուրախ եմ, որ մեր ազգային հավաքականի տղաները անփորձանք վերադարձան հայրենիք։ Նրանք կարողացան ցույց տալ մի շատ կարեւոր բան՝ հայի ոգու անկոտրում եւ խիզախ լինելը։ Իհարկե, հաղթանակները մեդալների տեսքով շատ կուրախացներ մեր ժողովրդին, բայց այս մրցաշարում մասնակցությունն արդեն հաղթանակ է։ Եվ այն բոլոր քննադատողներն, ովքեր համարում էին, որ պետք չէ գնալ, այժմ կարող են հպարտություն զգալ, որովհետեւ այս տղաները նրանց փոխարեն էլ հայի թասիբը պահեցին։ Բարի վերադարձ ձեզ, քաջ մարզիկներ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից պարտությամբ էին մեկնարկել եւ պայքարը լքել էին 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, իսկ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվել էր քառորդ եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում