17:41  ,  12 հունիսի, 2015

Ֆերնանդու Սանտուշ. Հայաստանի հավաքականն ուժեղացել է

Եթե Հայաստանի հավաքականը վաստակել է այդ մեկ միավորը, ապա հաղթելու հնարավորություն ունի նաեւ մեր դեմ խաղում, բայց մենք եւս խաղալու ենք միայն 3 միավորի համար:

Այս մասին հունիսի 13-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Պորտուգալիա Եվրո-2016-ի ընտրական հանդիպման նախախաղային ասուլիսում ասաց Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը:

«Վերջին շրջանում Հայաստանի հավաքականն այլ խաղ է ցուցադրում: Հայկական թիմն ուժեղացել է եւ խաղում է պաշտպանողական ֆուտբոլ: Մենք պատրաստ ենք հաղթանակի, ինչի համար էլ եկել ենք այստեղ: Մեր նպատակը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելն է: Հայաստանի հավաքականը կարող է խնդիրներ առաջացնել մեզ համար, սակայն մենք պետք է հաղթենք: Իմ թիմի ֆիզիկական վիճակը լավ է, սակայն հոգեբանական վիճակն ավելի լավ է:

Վրաստանում բավական բարդ էր, քանի որ պետք է հարմարվեինք ժամային տարբերությանը: 3 ժամվա տարբերությունը կարող էր ազդել ֆուտբոլիստների հոգեբանության վրա, բայց մենք արդեն հարմարվել ենք: Հավաքի համար ընտրել էինք Թբիլիսին, քանի որ Հայաստանն ու Վրաստանը նույն ժամային գոտիներում են: Հայաստանը եւս լավ պայմաններ է առաջարկել մեզ:

Այժմ Հայաստանի հավաքականը խաղում է շատ պաշտպանողական ֆուտբոլ, ինչը խնդիրներ է ստեղծում հարձակողական խաղաոճ ունեցող թիմերի համար: Եթե Հայաստանը վաստակել է մեկ միավոր, ապա հաղթելու հնարավորություն ունի նաեւ վաղվա խաղում, բայց մենք եւս խաղալու ենք միայն 3 միավորի համար: Հայաստանի թիմի դեմ նախորդ 4 խաղերում միշտ խնդիրներ ենք ունեցել եւ հաղթել ենք դժվարությամբ: Վաղվա խաղի համար անհանգստությունը մեծ չէ, քանի որ վստահ եմ մեր հաղթանակին: Չեմ կարծում, որ տատկիտական փոփոխություններ կլինեն այս խաղում: Հնարավոր է, որ փոփոխություններ կլինեն կախված խաղի ընթացքից:

Չեմ կարծում, որ երեւանյան շոգը կխանգարի ֆուտբոլիստներին: Հայաստանին հաղթելու դեպքում երջանիկ կլինենք եւ հետո նոր կմտածենք այլ հաղթանակների մասին: Ֆարուում Հայաստանը մեծ խնդիրներ առաջացրեց մեզ համար, բայց մենք կատարեցինք մեծ աշխատանք եւ արժանացանք 3 միավորի: Մարզիչը հոգեբանորեն միշտ կարող է օգտնել իր ֆուտբոլիստներին: Միշտ աշխատել եմ նվիրվածությամբ եւ կարծում եմ, որ կկարողանանք հաղթել այս խաղում»,- ասաց Ֆերնանդու Սանտուշը:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի կունենա Պորտուգալիայի հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն հավատարմագրված լրագրողների համար:

Հայաստան – Պորտուգալիա խաղը նույնպես կկայանալու է այդ ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով