Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
Բրեմենի «Վերդերի» դեմ հաղթական խաղում գեղեցիկ գոլի հեղինակ դարձած Մխիթարյանը ստացել է ձայների 64 տոկոսը: Երկրորդ տեղում հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, ով հավաքել է 23 տոկոս ձայն: Լավագույն եռյակը եզրափակել է գերմանացի հարձակվող Դանիել Գինչեկը «Շտուտգարտից»՝ 13 տոկոս ձայն:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի խփած գոլն ընդգրկվել էր նաեւ տուրի 5 լավագույն գոլերի ցուցակում: Նրա խաղը բարձր էին գնահատել նաեւ գերմանական մամուլը, Goal.com-ը եւ Whoscored.com-ը:
Գերմանիայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը մասնակցեց 28 խաղի եւ դարձավ 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Բորուսիան» գրավեց 7-րդ տեղը՝ նվաճելով Եվրոպայի լիգայի ուղեգիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում