Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պարզաբանել է, որ Մոսկվայի «Սպարտակի» ազգությամբ թուրք գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի վերաբերյալ քննադատական հարցազրույցում նրա խոսքերն ամբողջությամբ խեղաթյուրվել են:
«Այո, ես հասկանում եմ, որ գուցե անթույլատրելի բան եմ արել՝ առանց ակումբի մամուլի ծառայության թույլտվության զրուցելով լրագրողների հետ: Այդ կերպ խախտեցի ակումբի պիար-քաղաքականությունը, ինչի համար պատրաստ եմ պատժամիջոցների ենթարկվել: Սակայն, երբ այսօր կարդացի այդ հարցազրույցը, անկեղծ ասած շոկի մեջ էի: Նախեւառաջ, ես այլ ֆուտբոլիստների չեմ հիշատակել այդ հարցազրույցի ենթատեքստում: Դա միայն իմ խնդիրն է եւ չեմ ցանկանում ինչ-որ մեկին եւս ներքաշել: Սուտ է, թե ես ասել ե, որ «Սպարտակի» ֆուտբոլիստները չեն հասկանում, թե ինչ է կատարվում թիմում:
Երկրորդ՝ ես ծնվել եմ Թուրքիայում, որտեղ ապրում են բարեկամներս: Ես խոսում եմ թուրքերեն, այդ թվում՝ Մուրատ Յակինի հետ: Ունեմ շատ թուրք ընկերներ, այդ պատճառով ազգային պատկանելության ոչ մի հարց չի կարող լինել այստեղ: Հնարավոր է, որ լրագրողը ցանկացել է իր սեփական մտքերը խառնել իմի հետ՝ խեղաթյուրելով իրական միտքը: Այդ հարցով ես նրան հակադարձեցի՝ նշելով, որ ես չեմ կարող ունենալ նման խնդիրներ»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արաս Օզբիլիսը տուգանվելու է այդ հարցազրույցի համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում