14:58  ,  11 հունիսի, 2012

Եվրո-2012. NEWS.am Sport-ի համար մեկնաբանում է Գեորգի Չերդանցեւը

Այսօր կկայանան Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի վերջին երկու հանդիպումները: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց ռուս հայտնի մեկնաբան եւ հաղորդավար Գեորգի Չերդանցեւի հետ: Նա մեկնաբանեց առաջին տուրը:

Գեորգի, կմեկնաբանե՞ք կայացած խաղերը:

Սկսենք A խմբից: Ես չէի կասկածում, որ Ռուսաստանի հավաքականը խմբից դուրս գալու լավ հնարավորություններ ունի: A խումբն այդքան էլ ուժեղ չէ իր կազմով: Ինձ հիասթափեցրեց  Չեխիայի եւ Լեհաստանի հավաքականների պատրաստվածության մակարդակը: Նրանք բոլոր խաղացած թիմերից ամենաթույլ տպավորությունը թողեցին: Խաղերի հաշիվները օրինաչափ էին: Գուցե շատերին զարմացրեց ռուսների խոշոր հաշվով հաղթանակը, բայց հաշվի առնելով չեխերի պատրաստվածությունը, ամեն բան օրինաչափ է: Ինչ վերաբերում է Լեհաստան - Հունաստան հանդիպմանը, ապա ինձ զարմացրեց լեհերի խաղը: Նրանք բացարձակ չունեին թիմային խաղ: Այս պահի դրությամբ կարծում եմ` խմբից պետք է դուրս գան ռուսները եւ հույները:

B խմբում հիասթափեցրեց Հոլանդիան: Նորություն չէ, որ նրանց մարզիչը շատ համառ է եւ պահպանողական: Կարծում եմ` նա կոպիտ սխալ թույլ թվեց թիմի մեկնարկային կազմի հարցում:  Բայց այդ թիմի խաղացողների անհատական վարպետության շնորհիվ, նրանք կշտկեն դրությունը  եւ դուրս կգան խմբից, եթե, իհարկե, մարզիչը չշարունակի իր համառությունը եւ նույն կազմը դուրս չբերի` Վան Պերսին կենտրոնական հարձակվող, իսկ Հունտենլաարը` պահեստայինների նստարանին:

Ինչ վերաբերում է գերմանացիներին, ապա նրանք չփայլեցին առաջին խաղում: Ես վստահ էի, որ նրանք կհաղթեն պորտուգալացիներին: Պորտուգալիայի հավաքականը շատ անհետաքրքիր ֆուտբոլ է ցուցադրում: Չնայած , որ Գերմանիան չցուցադրեց վառ խաղ, նրանք ամուր թիմ են եւ կպահպանեն առաջնության ֆավորիտի կոչումը:

C խմբում Իսպանիա-Իտալիա հանդիպումը հաջողվեց: Իսպանացիները, ինչպես եւ գերմանացիները չփայլեցին, սակայն աշխարհի առաջնության ժամանակ նրանք առաջին խաղերում էլ չէին փայլում: Իտալիան շատ լավ խաղ անցկացրեց: Կարծում եմ` եթե նրանց մարզիչը հետեւություններ անի մեկնարկային կազմի հետ կապված, այդ թիմը կարող է շատ հեռու գնալ այս մրցաշարում: Շատ եմ ափսոսում իռլանդացիների համար: Երեկվա խաղում մրցավարը չնշանակեց մեկ 11 մետրանոց նրանց օգտին: Խորվաթիայի հավաքականը ինձ  վրա տպավորություն չթողեց եւ երբեք էլ չի թողել: Ինձ թվում է իռլանդացիները հնարավորություն չունեն խմբից դուրս գալ, իսկ խորվաթները դեռ պետք է խաղան իսպանացիների եւ իտալացիների հետ: Այսօրվա խաղերից  հետաքրքիր է դիտել Ֆրանսիային: Նրանք շատ լավ կազմ ունեն: Անգլիան միշտ ֆավորիտների ցուցակում է, բայց միշտ հիասթափեցնում է: Կարծում եմ` այս առաջնությունը բացառություն չի լինի: Չգիտեմ, թե ինչպես է պատրաստվել Ուկրաինան: Նրանց դժվար է լինելու խմբից դուրս գալ: Չգիտեմ, թե ովքեր եւ ինչպես են դառնալու գոլերի հեղինակներ Ուկրաինայի կազմում:

Ասացիք, որ Հոլանդիան դուրս կգա խմբից: Հավատո՞ւմ եք, որ նրանք ի զորու են հաղթել գերմանացիներին:

Կարծում եմ` նրանք նվազագույնը ոչ ոքի կխաղան: Շատ ուժեղ կազմ ունեն հոլանդացիները:

Ուկրաինան եւ Լեհաստանը պատրա՞ստ էին անցկացնել այս առաջնությունը:

Ես այժմ գտնվում եմ Մոսկվայում եւ կարող եմ միայն կարծիք հայտնել: Բայց եթե հաշվի առնենք այն տեղեկությունները, որ մեզ հասնում եմ, ապա սա ամենավատ կազմակերպված առաջնությունն է: Ենթակառուցվածքով այս երկրները հեռու են լավ մրցաշար անցկացնելուց:  Իմ գործընկերը երեք հազար կիլոմետր է վարել մեքենայով այդ երկու երկրներում եւ ասում է, որ ճանապարհները վատ վիճակում են: Բացի այդ Կիեւում գործող շվեդական հիմար ճամբարը: Այս ամենը խոսում է ի վնաս կազմակերպիչների: ՈւԵՖԱ-ն դժգոհություններ կունենա, բայց պետք էր ավելի վաղ մտածել, երբ մրցաշարը տալիս էին այս երկու երկրներին:

Ռուսաստանից բացի ո՞ր թիմերին եք համակրում:

Ինչպես միշտ Իտալիային: Ես տասը տարի է մեկնաբանում եմ Իտալիայի առաջնությունը: Ինչպես նաեւ համակրում եմ անգլիացիներին: Փոքր տարիքում հաճախել եմ անգլերեն լեզվի մասնագիտացված դպրոց եւ շատ եմ կապված այդ լեզվի հետ: Բայց եթե այս երկու թիմերը խաղան, չգիտեմ, թե ում կաջակցեմ:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով