20:48  ,  22 ապրիլի, 2015

Ռոնդա Ռոուզի. Ես շատ սիրում եմ հայ ժողովրդին եւ շատ ուրախ եմ, որ եկել եմ Հայաստան

«Ես շատ սիրում եմ հայ ժողովրդին եւ շատ ուրախ եմ, որ եկել եմ Հայաստան»։ Այս խոսքերով «Զվարթնոց» օդանավակայանում իրեն դիմավորող երկրպագուներին ողջունեց ամերիկացի հայտնի մարզուհի, բռնցքամարտիկ, ձյուդոիստ, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, կինոդերասանուհի Ռոնդա Ռոուզին:

Ամերիկացի հայտնի մարզուհի եւ դերասանուհի, խառը մենամարտերի MMA, UFC-ի չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին ապրիլի 22-ի երեկոյան ժամանեց Հայաստան:

«Զվարթնոց» օդանավակայանի vip սրահում Ռոնդա Ռոուզիին դիմավորեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, մարզասերներ, հայտնի մարզուհու եւ դերասանուհու մի խումբ երկրպագուներ՝ մեծ ծաղկեփնջերով:

«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Ես Հայաստանի մասին շատ բան գիտեմ: Գիտեմ, որ 1915 թվականին եղել է Հայող ցեղասպանությունը եւ այս տարի լրանում է ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սա իմ առաջին այցն է Հայաստան, հիանալի է, որ ես այստեղ եմ»,- ասաց Ռոնդա Ռուզին այնուհետեւ հայերեն ավելացրեց. «Ես շատ եմ սիրում հայ ժողովրդին եւ շատ ուրախ եմ, որ եկել եմ Հայաստան»:

Ռոնդա Ռուզին, բացի անվանի մարզուհի լինելուց նաեւ հայտնի դերասանուհի է: Նա խաղացել է «Ֆորսաժ 7», «Անզսպելիները 3» ֆիլմերում: Նա Լոս Անջելեսի «Հայաստան» թիմի ներկայացուցիչ է: Իսկ 2014 թվականին ճանաչվել է աշխարհի ամենահայտնի կին մարզիկ: Նրան կոչում են «անպարտելի Ռոնդա Ռոուզի»:

Ռոնդա Ռոուզին ապրիլի 23-ին ժամը 13:00-ին «Դինամո» մարզադահլիճում բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի հետ անցկացնելու է ցուցադրական մարզում:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Սոնա Բարսեղյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում