14:10  ,  27 մարտի, 2015

Յուրա Մովսիսյան. Ունենք միայն մեկ տարբերակ

Հաղթանակից բացի, այլ տարբերակ չունենք, ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով խոսել է ալբանացիների դեմ Եվրո-2016-ի խաղի ու ազգային թիմի շանսերի մասին:

«Շատ ուրախ էի հավաքական հրավիրվելու համար: Առաջին իսկ խաղից չեմ խնայել ուժերս եւ ձգտել եմ թիմակիցներիս օգնել լավ արդյունքի հասնելու գործում: Հայաստանն իմ հայրենիքն է եւ ես հպարտությամբ եմ կրում ազգային թիմի մարզաշապիկը: Հաղթանակից բացի, այլ տարբերակ չունենք: Ալբանացիների դեմ խաղը կամ կպահպանի մեր հույսերը, կամ վերջ կդնի մեր շանսերին: Կարող ենք հասնել հաղթանակի, սակայն դրա համար պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները:

Այո, այս ընտրական փուլում ունենք արդյունավետության հետ կապված խնդիրներ, սակայն դա միայն հարձակվողների մեղքով չէ: Ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է: Եթե մենք գոլեր ենք խփել, դա արել ենք թիմային խաղի շնորհիվ: Իհարկե, այս դեպքում հարձակվողը ես եմ եւ պետք է սուր գործողություններով աչքի ընկնեմ: Միեւնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ հարձակվողը կախվածություն ունեցող ֆուտբոլիստ է, եւ ժամանակակից ֆուտբոլում գոլ խփելու շանսերը մեծ չեն, եթե գնդակը չես ստանում ճիշտ պահի: Մեզ մոտ ոչ ոք գոլ չի խփել տասնյակ ֆուտբոլիստների շրջանցելուց հետո, այլ աչքի ենք ընկել կոմբինացիոն խաղի արդյունքում»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Ալբանիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին Էլբասան քաղաքում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով