09:28  ,  16 մարտի, 2015

Լեւոն Հայրապետյան. Մեր նպատակը Բաքվից հաղթանակով վերադառնալն է

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կողմ է Բաքու մեկնելուն եւ Եվրոպական խաղերին մասնակցելուն: Համոզված եմ, որ անվտանգության հարցը երաշխավորված է, իսկ անարդար մրցավարությունից չենք վախենում, քանի որ անարդարությունը բոլոր ժամանակներում էլ եղել է սպորտում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

Պարոն Հայրապետյան, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ի՞նչ դիրքորոշում ունի Բաքու մեկնելու կապակցությամբ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կողմ է Բաքու մեկնելուն եւ Եվրոպական խաղերին մասնակցելուն: Մեզ համար այդ խաղերը սովորական երեւույթ են, այնպես ինչպես մյուս մրցաշարերը: Տարբերություն չկա այդ խաղերը Բաքվում են, թե այլ քաղաքում կամ երկրում:

Մենք ուրախ ենք, որ նման մրցում է կազմակերպել եւ անցկացնում Եվրոպայի oլիմպիական կոմիտեն եւ ներառել է նաեւ սամբո մարզաձեւը: Սա եւս մեկ քայլ է սամբո մարզաձեւի համար դեպի oլիմպիական ընտանիք: Մեր նպատակն է, որ սամբոն դառնա օլիմպիական մարզաձեւ: Մենք գնում ենք դրան: Ի վերջո կազատվենք բոլոր խոսակցություններից, ակնկարկներից, որ ոչ օլիմպիական մարզաձեւ ենք, մեզ ֆինանսավորում չի հասնում:

Հայկական մարզաշխարհի ներկայացուցիչներին հիմնականում մտահոգում է Բաքվում հայ մարզիկների անվտանգության հարցը: Սամբոյի ֆեդերացիային եւ Ձեզ անվտանգության խնդիրը չի անհանգստացնո՞ւմ:

Դա մեր քննարկելիք, անհանգստանալիք հարցը չէ: Ես կարծում եմ, որ մենք չպետք է մտածենք անվտանգության մասին, անհանգստանանք: Դա պետության հարցն է, մեր կառավարությունը քննարկել է Խաղերի կազմակերպիչի հետ, եկել են ընդհանուր համաձայնության: Սրանք ուղղակի հասարակ խաղեր չեն, սրանք Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ Եվրոպական օլիմպիական կոմիտեի Խաղերն են: Ինչո՞ւ ենք մենք նախանձում, որ այդ միջոցառումը կազմակերպել է հենց Ադրբեջանը: Թուրքիայում ավելի շատ միջոցառումներ են կազմակերպվում:

Ես նույնիսկ կողմ եմ, որ Ադրբեջանում է անցկացվում այս Խաղերը, ուրախ եմ, քանի որ հնարավոր է, որ այս Խաղերը վերջապես խելքի կբերի Ադրբեջանի ղեկավարությանը, նրանք վերջապես կհասկանան, որ գոյություն ունի Օլիմպիական խարտիա, որ երբ երկրում Օլիմպիական խաղեր են, ուրեմն բոլոր պատերազմները պետք է դադարեցվեն, անհաշտություններն ու լարված իրավիճակները պետք է հաշտեցվեն: Մի գուցե այս միջոցառմանը մեր մասնակցությամբ նպաստենք, որ սահմանում դադարեցվեն կրակոցները, որ հրադադարի ռեժիմը պահպանվի:

Եթե մեր կառավարությունն ասի՝ չեք մասնակցելու, ուրեմն՝ չենք մասնակցի, բայց այսօր մեզ հնարավորություն է տրվել: Մենք կնախապատրաստենք մեր ուժեղագույն մարզիկներին: Երեք սամբիստ է մասնակցելու: Մեդալի ակնկալիք ունենք եւ մեր նպատակն է  հաղթանակով վերադառնալ Բաքվից:

Իսկ եթե անարդար մրցավարության փորձեր լինեն:  

Հնարավոր է լինեն, բայց խոսքը միայն Բաքվին չի վերաբերում: Միշտ ամեն տեղ ու ցանկացած երկրի ներկայացուցչի նկատմամբ եթե նախապես գնված է կամ խոսացած է մարտը, ուրեմն անարդար մրցավարություն լինելու է: Գուցե հայ մարզիկների նկատմամբ մի փոքր շատ է, բայց պետք չէ կենտրոնանալ միայն այն փաստի վրա, որ Բաքվում են մրցելու մեր մարզիկները: Անարդարությունը սպորտում միշտ էլ եղել է, անկախ նրանից մրցավայրը Բաքուն է, Ստամբուլը, թե Երեւանը: Ամեն տեղ էլ լինում են մրցավարական անարդարություններ, բայց ուժեղագույն մարզիկից չեն կարող հաղթանակ կորզել եւ այն էլ Եվրոպական խաղերում: Անարդարությունը սպորտում աշխարհով մեկ եղել է կա ու մնում է: Չվերագրենք Բաքվի վրա, մի քիչ անկեղծ լինենք: Հասկանալի է, թշնամական վերաբերմունք ունենք, սահմանին լարված իրավիճակ է: Բայց մի բան հաստատ է, եթե Ադրբեջանը նման խոշոր ու կարեւոր միջոցառում է վերցրել իր վրա, Միջազգային օլիմպիական կոմիտեն եւ Եվրոպական օլիմպիական կոմիտեն առանց երաշխիքների միջոցառում չէր վստահի: Այս միջոցառման թե անվտանգ անցկացման եւ արդար մրցավարության եւ ամբողջ կազմակերպչական հարցերին տեր են կանգնում ՄՕԿ-ը եւ ԵՕԿ-ը: Իսկ սրանք շատ լուրջ կազմակերպություններ են:  

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով