00:39  ,  8 հունիսի, 2012

Հայկ Չիլինգարյան. Չկա մի հայ ֆուտբոլիստ, ով չմտածի ազգային հավաքականում հանդես գալու մասին

Ընդամենը մի քանի տարի առաջ Հայկ Չիլինգարյանը համարվում էր հայկական ֆուտբոլի հույսերից մեկը, ով պետք է համալրեր Հայաստանի ազգային հավաքականը: Հանդես գալով «Փյունիկի», ինչպես նաեւ Հայաստանի մինչեւ 17, 19, 21 տարեկանների հավաքականներում, պատանի ֆուտբոլիստը աչքի էր ընկնում իր բարձր հասակով, ֆիզիկական ու տեխնիկական լավ պատրաստականությամբ, տիրապետում էր ուժեղ հարվածների:  Բայց 2005 թվականին ստանալով վնասվածք` ֆուտբոլիստն ի վերջո խորացրեց այն ու 2008 թվականին խաչաձեւ կապանի կտրվածքի պատճառով ստիպված էր երկար ժամանակ մոռանալ ֆուտբոլի մասին:
Ֆրանսիայում վիրահատվելուց հետո Հայկը վերադարձավ Հայաստան, բայց չհաջողվեց հաստատվել որեւէ թիմում:
Այժմ 23-ամյա ֆուտբոլիստը վերգտնում է իր լավագույն մազավիճակը Լեհաստանում,  որտեղ հանդես է գալիս Իլավայի «Յեժորակ» թիմում: Նշենք, որ Հայկը «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Արսեն Չիլինգարյանի որդին է։
Արսեն Չիլինգարյանը ժամանակին աշխատել է Հայաստանի Բարձրագույն խմբի մի շարք թիմերում, իսկ մինչեւ Ֆրանսիա բուժման մեկնելը «Ուլիսի» գլխավոր մարզիչն էր: 

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հայկ Չիլինգարյանի հետ։

Հայկ, ինչքա՞ն ժամանակ է, որ արդեն Լեհաստանում ես:

2011-ի դեկտեմբերին մեկնեցի Ֆրանսիա ծնողներից հետ նոր տարին դիմավորելու, իսկ հունվարի 10-ից արդեն թիմում էի: Մարտ ամսին պայմանագիր ստորագրեցի ու սկսեցի հանդես գալ «Յեժորակ» թիմում: Երկրորդ շրջանի միայն մեկ հանդիպում եմ բաց թողել: Խփել եմ երկու գնդակ:

Հայկ, դու խաղում ես պաշտպանության կենտրոնո՞ւմ եւ մինչեւ ե՞րբ է գործելու պայմանագիրդ:

Պայմանագիրս նախատեսված էր մինչեւ մրցաշրջանի ավարտը, իսկ ես խաղում էի պաշտպանության կենտրոնում:

Իսկ ինչո՞ւ մեկնեցիր Լեհաստան:

Եկավ մի պահ, որ Հայաստանում խնդիրների առջեւ էի կանգնել: Եղավ ժամանակ, որ ինձ չէին վստահում, նման պայմաններում իմ խաղն էլ ինչ-որ տեղ չէր ստացվում: Այսպիսի պայմաններում Լեհաստան տեղափոխվելը իրավիճակի կտրուկ փոփոխություն է ենթադրում, եւ կարող եմ ասել, որ հիմա լավ մարզավիճակ եմ ձեռք բերել ու խաղն արդեն ստացվում է: Ասեմ, որ Լեհաստանում յուրաքանչյուր ֆուտբոլիստից պահանջվում  է ֆիզիկական լավ պատրաստականություն, հակառակ դեպքում հաջողության հասնել համարյա հնարավոր չէ: Շատ կարեւոր էր, որ այս թիմում ինձ միանգամից վստահեցին ու մարզչական կազմն էլ անընդհատ ոգեւորում էր: Ես էլ կարծես ուժերիս ավելացում զգացի ու սկսեցի վստահ խաղալ:

Քո ելույթները ի՞նչ գնահատական ստացան թիմում:

Թիմը ընդհանուր առամամբ հեռու գնացող նպատակներ չի հետապնդում, այդ առումով պահանջները ամենաբարձր մակարդակի վրա չէին: Բայց միեւնույնն է, մենք խաղադաշտ էինք դուրս գալիս հաղթելու ու գեղեցիկ խաղ ցուցադրելու համար: Համենայնդեպս ինձանից ու իմ կատարած աշխատանքից մարզիչները գոհ էին:

Այլ ակումնբներից առաջարկություններ կա՞ն:

Անկեղծ ասած` առաջարկություններ կան առաջին լիգայի մի քանի թիմերից, բայց դեռեւս քանի որ պաշտոնական ոչ մի  գործարք չի կայացել, ապա չեմ կարող ասել, թե որ թիմում հանդես կգամ:

Հայկ, իսկ եթե համեմատե՞նք Լեհաստանի երկրորդ լիգայի մակարդակը Հայաստանի Բարձրագույն խմբի հետ:

Գիտեք բարձրագույն խմբի հանդիպումները տարբերվում են նրանով, որ լրիվ այլ հոգեբանություն ու փիլիսոփայություն ունեն: Բայց Լեհաստանի երկրորդ լիգայի առաջին չորս ակումբները, կարծում եմ, կարող են պայքարել Հայաստանի Բարձրագույն խմբի թիմերի հետ:

Դու ժամանակին խաղացել ես Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ հիմա հավաքականի մասին մտածո՞ւմ ես:

Չկա այդպիսի մի հայ ֆուտբոլիստ, ով չմտածի ազգային հավաքականում հանդես գալու մասին: Ես ել բացառություն չեմ: Ասեմ այսպես` հույսս չեմ կորցրել ու  ջանք ու եռանդ չեմ խնայելու վարպետությունս նոր աստիճանի բարձրացնելու համար: Ինձ պետք է խաղալ, ավելի բարձր ու դժվար առաջնությունում եւ ապացուցել նախ ինձ, որ դեռ ամեն ինչ էլ կարող եմ:

Հայկ, դու Լեհաստանում ես, հայրդ` Ֆրանսիայում: Հաճախակի՞ եք խոսում ու ի՞նչ դեր է խաղացել քո ֆուտբոլային կյանքում հայրդ:

Կապը՝ ամեն օր, մի քանի անգամ: Հիմա տեխնիկայի դար է ու կա սկայպ: Իսկ ֆուտբոլ ինձ իհարկե ուղեկցել է հայրս: Ես,  հետո դիտելով հորս խաղերը, հպարտացել եմ ու ուզում եմ, որ ինքն էլ հպարտանա ինձանով: Ես հենց դրան եմ ձգտում:

Լեհաստանում են հանդես գալիս մեր հավաքականի երկու ֆուտբոլիստներ` Ռոբերտ Արզումանյանն ու Լեւոն Հայրապետյանը: Նրանց հետ կապի մե՞ջ ես:

Իհարկե: Ոչ միայն կապ կա, այլ գնում եմ Գդանսկ, տեսնում եմ Լեւոնին: Մենք նույն հավաքականում իրար հետ ենք խաղացել: Ռոբերտի հետ էլ մշտապես խոսում ենք:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով