13:50  ,  25 փետրվարի, 2015

Բուլղարիա. Կորյուն Սողոմոնյանը հաղթել է ադրբեջանցի բռնցքամարտիկին

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի «Ստրանջա» 66-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցող 34 երկրի 240 բռնցքամարտիկների թվում են նաեւ Հայաստանի մարզիկները:

Փետրվարի 24-ին ասպարեզ են դուրս եկել 4 հայ բռնցքամարտիկներ, որոնցից 3-ը հաղթանակ են տարել: Հայ մարզիկներից առաջինը ռինգ է դուրս եկել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով համառ պայքարում 2:1 հաշվով առավելության է հասել Բուլղարիան ներկայացնող Զդրավկո Պոպովի նկատմամբ:

Մարգարյանի հաղթական մեկնարկին զարգացում է տվել 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, ով մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է չեխ Դավիթ Հոսեկին: Տպավորիչ հաղթանակ է տարել նաեւ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: Պատանիների աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդական չեմպիոնը գեղեցիկ հաղթանակ է տարել ադրբեջանցի Ազար Իմամամլիեւի նկատմամբ: Գերծանր քաշային Հակոբ Մելքոնյանը պարտվել է ղազախ մարզիկին, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում