17:39  ,  22 հունվարի, 2015

Հակոբ Սերոբյան. 10 տարվա մեջ առաջին անգամ հավաք ենք անցկացնում Ծաղկաձորում (ֆոտոշարք)

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի վեց լավագույն մարզիկներ  գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ 10 տարվա մեջ առաջին անգամ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:

«Սա մեր առաջին ուսումնամարզական հավաքն է Ծաղկաձորում վերջին 10 տարիների ընթացքում: Մինչ օրս հավաք չենք ունեցել՝ ֆինանսների բացակայության եւ համապատասխան դահլիճ չունենալու պատճառով: Հիմա եւս դահլիճ չկա, մարզվում ենք ըմբշամարտի մարզադահլիճում: Մի քանի գործիք Երեւանից մեզ հետ բերել ենք, Ծաղկաձորում մարմնամարզության գործիքներ չկան»,- այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Սերոբյանը, որը պատմել է նոր մրցաշրջանի, ծրագրերի, հավաքների, օլիմպիական ուղեգրեր նվաճելու սպասելիքների մասին:

Պարոն Սերոբյան, տարիներ անց առաջին անգամ Ծաղկաձորում մարմնամարզիկներին հնարավորություն է տրվում անցկացնել մարզումային հավաք: Ինչո՞ւ հավաքականն այսքան ժամանակ հավաքներ չի ունեցել Ծաղկաձորում մյուս մարզաձեւերի հավաքականների նման։

Պատճառները շատ են՝ ֆինանսների բացակայությունն է եղել պատճառը, դահլիճ չունենք: Այս տարի ՀԱՕԿ-ի ֆինանսավորմամբ մեզ առաջին անգամ 10 տարվա մեջ հնարավորություն  տրվեց Ծաղկաձորում հունվարի 10-24-ը անցկացնել ուսումնամարզական հավաք:

Հավաք անցկացնելու նախաձեռնությունը ՀԱՕԿ-ինն է: Զարմացած եմ. առաջին անգամ է, որ մենք չենք դիմում, խնդրում, առաջարկում, այլ մեզ են դիմում, հրավիրում: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հրավիրեց մեզ խորհրդակցության, թե ինչ խնդիր ունի այսօր մարմնամարզության Հայաստանի հավաքականը: Ես ինչ ասացի, ինչ խնդիր ներկայացրեցի այս տարվա ծրագրով, նա պատասխանեց, որ խնդիր չկա: ՀԱՕԿ-ի հովանավորությամբ մենք կունենանք հավաքներ եւ սա առաջինն է:

Ի՞նչ խնդիր եք մարզիկների առջեւ դրել:

Այս հավաքի հիմնական նպատակը մարմնամարզիկների  ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը բարձրացնելն է: Քանի որ դահլիճ չունենք Ծաղկաձորում,  գործիքներ չունենք, միայն ֆիզիկական որակների վրա ենք աշխատում: Անպայման արդյունք կտա այս հավաքը, սա մեզ համար նորություն է, առաջին անգամ ենք հավաքի, թե ինչպիսի արդյունք կլինի, չգիտեմ, բայց հաստատ դրական արդյունք կտա:

Մարզումներն անցկացնում ենք ըմբշամարտի մարզադահլիճում: Երեւանից մեզ հետ բերել ենք մի քանի գործիք, որպեսզի մարզումները մի քիչ նմանեցնենք մարմնամարզության մարզումներին:

Այստեղ ամեն ինչ շատ լավ է, պայմանները հրաշալի են: Մեր միակ խնդիրն այստեղ դահլիճի բացակայությունն է: Եթե դահլիճ ունենայինք ու գործիքներ, կլոր տարին այստեղից դուրս չէինք գա՝ ամառ, ձմեռ հավաքներ կանցկացնեինք այստեղ: Մեր դահլիճի գորգն ավելի վատն է, քան այստեղի ըմբշամարտի գորգը: Սա մարմնամարզական գորգ չէ, բայց մեր հին գորգից լավն է: Այնպես որ, թեկուզ գործիքների բացակայությամբ, այս հավաքը դրական արդյունք կտա:

Ովքե՞ր են մասնակցում հավաքին:

Հավաքն անցկացնում ենք մեծահասակների 6 լավագույն առաջատար մարմնամարզիկներով՝ Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագ Դավթյան, Արթուր Թովմասյան, Արմեն Պետրոսյան եւ երիտասարդական հավաքականից մեծահասակներ տեղափոխված՝ Վիգեն Խաչատրյանը: Անմիջապես այս հավաքից հետո Երեւանում կշարունակենք մասնագիտական մարզումները, վարժություններ գործիքների վրա:

Օլիմպիական ուղեգիր նվաճելու ի՞նչ ծրագրեր ու հնարավորություններ կան այս տարի:

Այս տարին մեզ համար շատ կարեւոր է, օլիմպիական վարկանիշային մրցաշարերի տարի է: Այս հավաքը մեզ պետք էր բարդ տարվա մեկնարկին: Անմիջապես այս հավաքից հետո սկսվում է մրցաշրջանը. Մրցաշրջանը բացում ենք «Ազարյանի Գավաթ» միջազգային մրցաշարով, որը փետրվարի 11-20-ը տեղի է ունենալու Կալիֆորնիայում: Միջազգային մրցաշարին կմասնակցեն մեր երեք մարմնամարզիկները՝ Արմեն Պետրոսյանը, Արթուր Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը: Այս մրցաշարը կազմակերպում է Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդ Ազարյանը: Կալիֆորնիայում նա ունի իր դահլիճը, մենք 5 օր կմանսակցենք մրցումներին եւ դրանից հետո 12 օր այդ դահլիճում ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու: Ապա Հայաստանում մարտի 1-5-ը տեղի կունենա Հայաստանի առաջնություն, որի արդյունքներով կորոշվի Եվրոպայի առաջնությանը մեկնելիք թիմը: Հայաստանի առաջնությունից հետո մարտի 26-30-ը Քաթարում տեղի կունենա աշխարհի գավաթի խաղարկությունը, որին ցանկություն ունենք մասնակցել 4 մարզիկներով՝ առանձին գործիքների մրցումներում:

Աշխարհի գավաթից հետո մեր այս տարվա կարեւորագույն մրցաշարերից մեկն է՝ Եվրոպայի առաջնությունը, որը կայանալու է ապրիլին Ֆրանսիայում:

Եվրոպայի առաջնությունից հետո պարզ կլինի թե ովքեր պետք է մասնակցեն աշխարհի առաջնությանը: Աշխարհի առաջնությունում երեքից ավելի մասնակից չենք կարող ունենալ: Այս տարվա մեր գերխնդիրը օլիմպիական վարկանիշ ձեռք բերելն է:

Ովքե՞ր են օլիմպիական վարկանիշ նվաճելու հավանական հավակնորդները:

Շատ դժվար է մի քանի վարկանիշ ձեռ բերելը, հնարավորությունները քիչ են: Բազմամարտում եթե նույնիսկ երկու կամ երեք մարզիկներ վարկանիշ հավաքեն, միեւնույն է թույլ են տալու մեկին: Բազմամարտում հույսեր ունենք,  հիմնական հավակնորդը Արթուր Դավթյանն է: Առանձին գործիքներից երկու մասնակից կարող ենք ունենալ, բայց այստեղ շատ մեծ մրցակցություն կա, ու մի մեծ խնդիր կա. առանձին գործիքներում օլիմպիական վարկանիշ ձեռք բերող մարմնամարզիկը պետք է լինի աշխարհի առաջնության մրցանակակիր՝ երկրորդ, երրորդ տեղեր:  Մենք պայքարելու ենք, ունենք հնարավորություններ, բայց շատ քիչ: Պայքարում ենք, մարզվում ենք:

Լուսինե Շահբազյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով