00:22  ,  13 հունվարի, 2015

«Ոսկե գնդակ-2014». Ռոնալդուն ու Լյովը հաղթել են մեծ առավելությամբ

ՖԻՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակ-2014»-ի քվեարկության արդյունքները:

Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Կրիշտիանու Ռոնալդուն հարցման արդյունքում ստացել է ձայների 37,66 տոկոսը: Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվողն ավելի շատ ձայն է հավաքել, քան Լիոնել Մեսին ու Մանուել Նոյերը միասին: Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողը ստացել է ձայների 15.76 տոկոսը, իսկ Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահը՝ 15,72 տոկոսը:

Առաջին անգամ տարվա լավագույն մարզիչ ճանաչված Յոահիմ Լյովը հավաքել է ձայների 36.23 տոկոսը: Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչին հաջորդած Կարլո Անչելոտին («Ռեալ») ստացել է ձայների 22.06 տոկոսը, իսկ լավագույն եռյակը եզրափակած Դիեգո Սիմեոնեն Մադրիդի «Աթլետիկոյից» արժանացել է 19.02 տոկոս ձայնի, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն քվեարկությունն անցկացնում է լրագրողների ու ազգային հավաքականների գլխավոր մարզիչների եւ ավագների շրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում