23:03  ,  12 հունվարի, 2015

Ռոնալդուն երրորդ անգամ ստացավ «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Պորտուգալիայի հավաքականի ավագի հետ «Ոսկե գնդակ-2014»-ին հավակնում էին նաեւ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը, ով Լեւ Յաշինից հետո կարող էր դառնալ «Ոսկե գնդակին» արժանացած երկրորդ դարպասապահը:

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ 29-ամյա Ռոնալդուին մրցանակը հանձնեց ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թիերի Անրին: Պորտուգալացին երրորդ անգամ ստացավ «Ոսկե գնդակը»: Հարձակվողը նման պատվի արժանացել էր նաեւ 2008-ին, երբ խաղում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Ռոնալդուի պես «Ոսկե գնդակին» 3 անգամ արժանացել են միայն ֆրանսիացի Միշել Պլատինին ու հոլանդացիներ Յոհան Կրոյֆն ու Մարկո վան Բաստենը: Լիոնել Մեսին այս մրցանակին արժանացել է 4 անգամ՝ սահմանելով ռեկորդ: «Ոսկե գնդակը» շնորհվում է 1956 թվականից:

2014-ին Ռոնալդուն Արքայական ակումբի կազմում դարձել էր Չեմպիոնների լիգայի հաղթող, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, Իսպանիայի գավաթակիր ու աշխարհի ակումբային չեմպիոն, ինչպես նաեւ Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցել էր Բրազիլիայում կայացած աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում