14:30  ,  18 նոյեմբերի, 2014

ՀՖՖ նախագահ. Բեռնար Շալանդի արդյունքից շատ դժգոհ եմ

Բեռնար Շալանդի աշխատանքից որպես ֆեդերացիայի նախագահ ինձ հետաքրքրում է ավելի շատ արդյունքները: Արդյունքներից շատ դժգոհ եմ: Չի կարող ինձ բավարարել այն արդյունքը, որ հավաքականը երեք խաղում հավաքել է ընդամենը մեկ միավոր:

Այս մասին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում ընթացող մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Եթե ես Շալանդին չվստահեի՝ ես կհայտարարեի, որ նա ազատված է աշխատանքից: Ես դա չեմ անում, որովհետեւ առայժմ վտահում եմ: Բայց նրա տակտիկան ինձ չի բավարարում:

Ես ֆեդերացիայի նախագահ եմ եւ նրան նշանակել եմ հավաքականի մարզիչ: Արտակ Դաշյանի հետ կապված ես  նրան խորհուրդ եմ տվել հավաքական չհրավիրել, քանի որ նա չի համապատասխանում մեր հավաքականին: Ի տարբերություն շատերին, ես գնդակին չեմ նայում, այլ ամբողջ խաղին: Նույն Դանիայի, նույն Ֆրանսիայի հետ խաղերում նա միայն գնդակ էր խլում 30 րոպե: Նման ֆուտբոլիստի չեն պահում:  Ես Շալանդի հետ խոսելու բան չունեմ, ես չեմ կարող նրան տակտիկա սովորեցնել:

Մեր շանսերը գնահատում եմ դեռեւս բավարար: Մենք շանսեր ունենք: Բայց եթե շարունակենք խաղալ նույն ձեւ, ինչ Պորտուգալիայի եւ Սերբիայի հետ, ուրեմն՝ մենք շանսեր չունենք: Մենք դեռեւս խաղում ենք մի հոգեբանությամբ, որ մեզ գոլ չխփեն, բայց դեռեւս ունենք ժամանակ եւ պետք է փոխենք մեր տակտիկան:

Ինչ հայ ֆուտբոլիստ կա աշխարհում՝ մեր ուշադրության կենտրոնում է: Իսկ ովքեր  «բազար» են անում ֆեդերացիայի հետ, տեղ չունեն մեր հավաքականում: Օրինակ՝ Թումասյանը, Գեւգեոզյանը, Մալոյանը: Մալոյանին հազար անգամ ես եմ անձամբ  հրավիրել, նա չի եկել:  Նա «Պորշ» մեքենա է ուզել՝ տվել եմ, բայց չի եկել:

Նոր մարզիչը այս երեք ամիսներում չի կարող հասկանալ, թե մեզ ինչ է պետք, ինչ ֆուտբոլ է մեզ հարկավոր: Ես պատասխանատու եմ մեր հավաքականի, մարզիչի, ֆուտբոլիստների համար:

Մեծ հաճույքով կհանեի Շալանդին, եթե իմանայի՝ գալու է կախարդական փայտիկով մարզիչ, ով մեր ֆուտբոլը միանգամից կզարգացնի առանց ժամանակ ծախսելու»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվել է Դանիային, 1։1 հաշվով ոչ ոքի է խաղացել Սերբիայի հետ եւ 0։1 հաշվով պարտվել է Պորտուգալիային։ I խմբի մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է Դանիայի թիմը։ 1 միավոր քիչ ունի Պորտուգալիան։ Ալբանիան 4 միավորով երրորդ տեղում է։ Սերբիան ու Հայաստանը 1-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը։ Առաջին երկու տեղերը գրաված թիմերը կնվաճեն եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։ Երրորդ տեղը զբաղեցրած հավաքականը կանցկացնի փլեյ-օֆֆի անցումային հանդիպումներ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս