18:36  ,  31 հոկտեմբերի, 2014

Գվարդիոլա. Վերլուծել եմ վիճակը, եւ «Բորուսիան» նախկինի նման մեր գլխավոր մրցակիցն է

Դեռ հոկտեմբերն է, եւ «Բորուսիայի» մի քանի միավոր հետ մնալը դեռ ոչինչ չի նշանակում, ասել է Մյունխենի «Բավարիայի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ խոսելով Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպման մասին: Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» կընդունի երկրի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիային»:

«Ես վերլուծել եմ վիճակը եւ կարծում եմ, որ «Բորուսիան» մրցունակ է անկախ այն բանից, թե ինչ ճգնաժամում է գտնվում: Մեր երկու ակումբների դիմակայությունը հավերժականների շարքից է: Այս հանդիպումը շատ կարեւոր է մեզ համար: «Բորուսիայի» համար եւս այն չափազանց կարեւոր է: Հենց այդ պատճառով էլ կարծում եմ, որ նրանք կցուցադրեն իրենց լավագույն ֆուտբոլը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Բավարիայի» թվիթերյան էջը:

Նոյեմբերի 1-ին Մյունխենում կայանալիք «Բավարիա» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում