22:40  ,  14 հոկտեմբերի, 2014

Դիդյե Դեշամ. Հայաստանը կարող է հաղթահարել ընտրական փուլի արգելքը

Հայերը կարող են հաղթահարել Եվրո-2016-ի ընտրական փուլի արգելքը: Ճիշտ է, խմբում կան ուժեղ թիմեր, բայց Հայաստանի հավաքականի հնարավորությունները տեսանելի են:

Այս մասին երեւանյան ընկերական խաղում Հայաստանի նկատմամբ վստահ հաղթանակից հետո ասուլիսում ասաց ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Կարեւորն այն է, որ կարողացանք խփել երեք գոլ՝ անառիկ պահելով մեր դարպասը: Առաջին խաղակեսում կարող էինք խաղալ ավելի լավ: Հայաստանի հավաքականը խաղում էր շատ դինամիկ եւ դիմում էր պրեսինգի: Դա հատկապես ապացուցեց մեր դարպասը գրավելու փորձերը: Մեզ հարկավոր է ակտիվացնել շարժունակությունը, ինչը ես հասկացա այս խաղից:

Առաջին խաղակեսում Հայաստանի թիմը շատ լավ տպավորություն թողեց: Հարձակման գործում երեք խաղացողները մեզ համար խնդիրներ ստեղծեցին: Թիմի կազմից զգացվեց, որ երեք օր առաջ հավաքականը բարդ հանդիպում է անցկացրել Սերբիայի դեմ: Արդեն նշել էի, որ Հայաստանն արժանի էր Սերբիայի նկատմամբ հաղթանակի: Թիմի խաղում առկա է զարգացում եւ ակտիվացում: Դա են ապացուցում նաեւ Հայաստանի հավաքականի վերջին խաղերի արդյունքները:

Հայերը կարող են հաղթահարել Եվրո-2016-ի որակավորման փուլը: Ճիշտ է, խմբում կան ուժեղ թիմեր՝ Սերբիա, Պորտուգալիա, բայց Հայաստանի հավաքականի հնարավորությունները տեսանելի են: Բազմիցս ասել եմ, որ խմբում դասավորությունը սեղմ է լինելու: Դուք կարող եք հաղթահարել դա:

Այսօր մեր թիմի կազմում լավ խաղաց Ժինյակը, ով նորեկ է հավաքականում: Նա ցուցադրեց, որ գնտվում է լավ մարզավիճակում: Ժինյակը լավ էր խլում գնդակը, հատկապես՝ առաջին խաղակեսում: Նա այլ ոճի հարձակվող է, Բենզեման՝ այլ: Ժինյակն ապացուցեց, որ կարող է լինել Ֆրանսիայի հավաքականի կազմում եւ մասնակցել հանդիպումներին:

Բնականաբար, Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները լուրջ էին մոտենում այսխաղին: Երեք օր առաջ Պորտուգալիայի հավաքականի դեմ կայացած խաղից հետո բնական է, որ ֆուտբոլիստերի տրամադրվածության եւ պատրաստվածության մեջ կար որոշակի տարբերություն: Բայց տղաները լուրջ էին տրամադրված եւ լրջորեն մոտիվացված էին այս խաղին»,- նշեց Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագը: 

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Ֆրանսիայի հավաքականը Լոնդոնի «Չելսիի» նորեկ Լոիկ Ռեմիի, «Մարսելի» հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանի գոլերի շնորհիվ հաղթեց 3:0 հաշվով:

Լուսինե Շահբազյան 

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով